Հայաստանում, մասնավորապես Երևան քաղաքում վերջին տարիներին տրվել են աննախադեպ քանակի շինթույլտվություններ, հատկապես խիտ բնակեցված բնակավայրերում, և առանձին մասնագետները ասում են, որ այդ շինթույլտվությունների պատճառով ջուրը չի հերիքում։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 28–ին, ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանը։

«Կա ջրամատակարարման խնդիր և ունենում ենք ջրանջատումներ։ Ես անձամբ առիթ ունեցել եմ հանդիպել Ջրային կոմիտեի նախագահի հետ չորս տարի առաջ, և նա հավաստիացնում էր, որ Հրազդան քաղաքի հարակից բնակավայրից ջրագիծ է կառուցվելու դեպի Երևան, և արդեն կա նախագիծ։ Բայց այդպես էլ որևէ լուր չկա, թե ինչ եղավ այդ ծրագիրը

Մենք, կարծեք, անտրամաբանական շղթայի մեջ ենք, մի կողմից ձեր կառավարությունը գույքահարկը ավելացնում է առանձին դեպքերում 500% -ից ավել, և դա ենթադրում է, որ համայնքներում մարդիկ ավելի բարեկեցիկ կյանքով պետք է ապրեն, այնինչ մարդիկ ունեն ջրի խնդիր և անզեն աչքով էլ երևում է, որ այդ շինթույլտվությունների շրջանակներում չեն պահպանվել շրջակա միջավայրի ազդեցության գնահատման տարրական նորմերը։ Ես նաև կարծում եմ, որ այստեղ կան որոշակի կոռուպցիոն ռիսկեր։ Այդ ջրագծից կա՞ որևէ նորություն»,–ասաց նա։

Ի պատասխան փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ասաց, որ խնդիրը չի սահմանափակում միայն Երևան լրացուցիչ ջրի ծավալ բերելով. «Կա շատ ավելի խորքային հարց, որով կառավարությունը «Վեոլիայի» հետ արդեն երեք տարի ամենօրյա աշխատանքային ռեժիմով շարունակում է աշխատել։ Դա կորուստների կրճատմանը վերաբերող անելիքներն են։ Մենք բավականաչափ մեծ ծավալով ջուր ունենք Երևանում, բայց այդ ջրի մի զգալի մասը կորչում է, որովհետև ենթակառուցվածքը շատ մաշված է։ Բնականաբար, տարեկան 3,5-4 մլրդ դրամ ներդրումը բավարար չէ, որ համակարգը բերվի պատշաճ վիճակի։ Մենք փորձում ենք անել ամեն ինչ, որ առնվազն ամենահրատապ ներդրումները կատարվեն»։ Խաչատրյանը մի քանի ցուցանիշներ բերեց. «2016–ի վարձակալության պայմանագրով նախատեսվել էր, որ 2031 թվականին «Վեոլիան» իր մատակարարած ջրի դիմաց պետք է հաշվառի 174 մլն խմ ջուր։ Տնտեսական ակտիվության և ջրի հաշվառման կարգավորումները բարելավելու արդյունքում մենք 2025–իի արդյունքում արդեն ունենք «Վեոլիայի» կողմից մատակարարված ջրի 180 մլն խմ ջրի ցուցանիշ, ինչը նշանակում է, որ այն, ինչ որ պետք է տեղի ունենար 2031–ին, տեղի է ունեցել արդեն 2025–ին։

Կոնկրետ ձեր հարցի կապակցությամբ, այո, մենք ունենք այսօր ազատ ջրային ռեսուրսներ, որոնք գտնվում են Հրազդանում, բայց բոլորը տեղի են ունենում միաժամանակ։ Մենք երկփուլ եղանակով նախատեսում ենք իրականացնել ներդրումներ։ Առաջին փուլում դեպի Երևան կբերվի 10 մլն խմ ավել ջուր, ներդրումների շարունակության արդյունքում կապահովվի ևս 20 մլն խմ։ Արդեն 2027 թվականին այդ աշխատանքների մեկնարկը կտրվի»։

Հայկ Ֆարմանյանը նշեց, որ եթե այստեղ կա «Վեոլիա ջուր. Ընկերության մեղքի բաժինը, ապա կարելի է այն ազգայնացնել. «Ինչու չէ, դուք ունեք այդ նախադեպը, ես որպես առաջարկ կխնդրեմ դիտարկել, եթե պետությունը ավելի արդյունավետ կառավարիչ է»։