ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել 10 ֆիզիկական անձի և մեկ կազմակերպության նկատմամբ, որոնք կասկածվում են արտերկրում հյուսիսկորեացի ՏՏ մասնագետների աշխատանքի տեղավորման սխեմաներին մասնակցելու մեջ, հաղորդում է Reuters-ը։

ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալներով՝ Փհենյանն այդ աշխատողների վաստակի հիմնական մասն ուղղում է զանգվածային ոչնչացման զենքի և բալիստիկ հրթիռների ծրագրերի ֆինանսավորմանը։

Պատժամիջոցների տակ են հայտնվել ԿԺԴՀ-ում և Ռուսաստանում գտնվող միջնորդներ և հյուսիսկորեացի ՏՏ մասնագետներ։ Պատժամիջոցների ցանկում ընդգրկված կազմակերպությունների թվում է First Financial and Technical Development Center-ը։ ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալներով՝ պատժամիջոցների ենթարկված անձանցից վեցը կապված են այդ կառույցի հետ։

«Այս ցանցերը ներթափանցում են համաշխարհային ֆինանսական համակարգ, ինչը պահանջում է սպառնալիքի մասշտաբին համապատասխան միասնական արձագանք»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։

ԱՄՆ ֆինանսների նախարարությունում նշել են նաև, որ հոկտեմբերին Հյուսիսային Կորեային առնչվող պատժամիջոցներ են սահմանել Ավստրալիան և Եվրամիությունը։ Մարտին Վաշինգտոնն արդեն սահմանափակումներ էր մտցրել հյուսիսկորեացի ՏՏ մասնագետների մեկ այլ ցանցի նկատմամբ։

Նոր միջոցները ձեռնարկվել են Փհենյանի հետ բանակցությունները վերսկսելու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փորձերի հետնապատկերին։ Սակայն Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը դեռևս զգալի հետաքրքրություն չի ցուցաբերում երկրի միջուկային ծրագրի սահմանափակմանն ուղղված դիվանագիտական նախաձեռնությունների նկատմամբ։

2018 և 2019 թվականներին Թրամփն աննախադեպ հանդիպումներ է ունեցել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ և դարձել ԱՄՆ առաջին գործող նախագահը, որը հանդիպել է ԿԺԴՀ ղեկավարի հետ։ Սակայն բանակցություններն ավարտվել են առանց համաձայնության. կողմերը չեն կարողացել հաղթահարել տարաձայնությունները Փհենյանի՝ միջուկային զենքից հրաժարվելու հարցում։

Թեև Թրամփը բազմիցս Հյուսիսային Կորեան անվանել է միջուկային տերություն, նրա վարչակազմը պաշտոնապես շարունակում է հանդես գալ երկրի ապամիջուկայնացման օգտին։