Գերմանիայի հարավում գտնվող Ռեգենսբուրգ քաղաքի բնակելի շենքերից մեկում տեղի ունեցած պայթյունի և դրան հաջորդած հրդեհի հետևանքով առնվազն չորս մարդ է տուժել, նրանցից ոմանք ծանր վնասվածքներ են ստացել, հայտնում է dpa-ն։
Եվս երեք մարդ համարվում է անհետ կորած, չորեքշաբթի հայտնել է ոստիկանությունը։ Առայժմ հայտնի չէ՝ արդյոք նրանք պայթյունի պահին շենքում են եղել։
Պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան 4:00-ի սահմաններում։ Ոստիկանության ներկայացուցչի պատմելով՝ հարվածային ալիքը քանդել է երկու պատ, ինչից հետո հրե գունդ է առաջացել, և շենքը բռնկվել է ուժեղ հրդեհով։ Դեպքի վայրից լուսանկարներում երևում է շենքի ճակատային մասում առաջացած մեծ բացվածքը։
Չորս տուժածներին տեղափոխել են հիվանդանոց։ Նրանցից մեկը ծանր այրվածքներ է ստացել։ Ծխից թունավորման պատճառով բժշկական օգնության կարիք է ունեցել նաև մի ոստիկան։
Պայթյունի պատճառը դեռ պարզված չէ։ Սկզբում ոստիկանությունը ենթադրել է, որ գազի արտահոսք է տեղի ունեցել. հրշեջները հայտնել են շենքում գազի առկայության մասին։ «Մենք հիմքեր ունենք ստուգելու գազի պայթյունի վարկածը»,- հայտարարել է ոստիկանության ներկայացուցիչը։ Միաժամանակ դեռ պարզ չէ՝ պայթյունը պատահակա՞ն է եղել, թե՞ միտումնավոր գործողությունների հետևանք։
Հրշեջները նախազգուշացրել են վնասված շենքի և հարևան երկու շենքերի փլուզման վտանգի մասին։ Դրանք առայժմ մուտք գործել չի թույլատրվում։ Գերմանիայի տեխնիկական օգնության դաշնային գործակալության (THW) մասնագետներն ամրացնում են պատերն ու միջհարկային ծածկերը՝ կառուցվածքների կայունությունն ապահովելու համար։ Միայն այդ աշխատանքների ավարտից հետո փրկարարները կկարողանան զննել բնակարանները և ստուգել՝ ներսում մարդիկ կա՞ն արդյոք։
Երեք շենքերի բնակիչներին՝ ընդհանուր առմամբ 27 մարդու, ժամանակավորապես տեղավորել են հյուրանոցում։ Իշխանությունները նրանց համար այլընտրանքային կացարան են փնտրում։
Դեպքի վայրում աշխատում են մոտ 100 հրշեջ և շտապօգնության բազմաթիվ բրիգադներ։ Ոստիկանությունը հայտարարել է, որ դեպքի վայրի սահմաններից դուրս բնակչությանը վտանգ չի սպառնում, սակայն ծխի պատճառով խորհուրդ է տվել խուսափել այդ տարածքից։





























