ԱՄՆ-ը պատրաստվում է Կոնգրեսի ընտրություններից հետո Իրանի դեմ հնարավոր նոր հարվածների՝ դրա մասին նախազգուշացնելով Պարսից ծոցի արաբ դաշնակիցներին։ Վաշինգտոնը տարածաշրջանի մի շարք երկրների հայտնել է, որ նրանք պետք է պատրաստվեն կարճատև, բայց ինտենսիվ ռազմական գործողությունների, գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով դիվանագիտական և ռազմական շփումներին ծանոթ աղբյուրներին։

Պարբերականի տվյալներով՝ ԱՄՆ-ն ու Իսրայելը պատրաստվում են լայնածավալ մարտական գործողությունների նոր փուլի՝ ակնկալելով թուլացնել Իրանին և ստիպել նրան վերադառնալ բանակցություններին։

Միաժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռ վերջնական որոշում չի ընդունել, թեև, ըստ պարբերականի աղբյուրների, հակված է խոշոր հարձակում իրականացնել նոյեմբերի 3-ին նշանակված Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո։ Հնարավոր թիրախներ կարող են դառնալ Իրանի ենթակառուցվածքներն ու միջուկային օբյեկտները։

Ամերիկյան զինուժն արդեն բարձրացնում է հնարավոր գործողության համար իր պատրաստականության մակարդակը։ WSJ-ի տվյալներով՝ ԱՄՆ-ն Թեքսասից Իսրայել է տեղափոխում Patriot հակաօդային պաշտպանության լրացուցիչ համալիր, ինչպես նաև զինծառայողներին դուրս է բերում Մերձավոր Արևելքի այն ռազմակայաններից, որոնք կարող են խոցելի լինել Իրանի պատասխան հարվածների դեպքում։ Ամերիկյան ուժերը համալրում են զինամթերքի պաշարները, իսկ ռմբակոծիչներն ու կործանիչները պատրաստվում են հնարավոր մարտական թռիչքների։

Հաջորդ ամիս տարածաշրջանում գործող մոտ 20 ամերիկյան ռազմանավերին կարող են միանալ ևս մեկ ավիակիր հարվածային խումբ և ծովային հետևակի արշավախմբային ստորաբաժանում։ Միաժամանակ որոշ նավեր հերթափոխի շրջանակում կարող են դուրս բերվել տարածաշրջանից։

Սպիտակ տունը հրաժարվել է մեկնաբանել կոնկրետ ռազմական ծրագրերը՝ հայտարարելով, որ վարչակազմը չի քննարկում «գաղտնի ռազմական ծրագրեր, որոնք կարող են գոյություն ունենալ կամ չունենալ»։ Միաժամանակ այնտեղ ընդգծել են, որ Թրամփը պահպանում է գործողությունների բոլոր տարբերակները՝ թույլ չտալու համար, որ Իրանը միջուկային զենք ստանա։ Ինքը՝ նախագահը, ավելի վաղ ասել էր, որ մտադիր չէ մինչև միջանկյալ ընտրությունները հարձակման հրաման տալ։

Իսրայելը ևս պատրաստել է նոր հարվածների ծրագրեր և հնարավոր թիրախների ցանկ։ Պարբերականի տվյալներով՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուն կողմ է ռազմական գործողությունների վերսկսմանը՝ ակնկալելով թուլացնել Իրանին և ի վերջո հասնել վարչակարգի փոփոխության։

Սակայն նոր գործողության հեռանկարները շարունակում են վիճահարույց մնալ։ Փորձագետներից ոմանք կասկածում են, որ լրացուցիչ ռմբակոծությունները Թեհրանին կստիպեն անձնատուր լինել։ Ընդհակառակը, դրանք կարող են ամրապնդել Իրանի ղեկավարության վճռականությունը՝ զարգացնելու հրթիռային և միջուկային ծրագրերը։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին հայտնել է, որ տեսուչները վնասված միջուկային օբյեկտների վերականգնման նշաններ չեն հայտնաբերել, սակայն մուտք չունեն այդ օբյեկտներ և չեն կարող հաստատել, որ Իրանը միջուկային նյութերն այլ նպատակների չի ուղղել։

Թեհրանն իր հերթին նախազգուշացրել էր, որ նոր հարձակումների դեպքում պատասխան հարվածներ կհասցնի տարածաշրջանի տնտեսական և քաղաքացիական օբյեկտներին։ Դա մեծացնում է ամերիկյան ռազմակայանների, էներգետիկ ենթակառուցվածքների և Պարսից ծոցում ԱՄՆ դաշնակիցների համար ռիսկերը։