Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» ուժը պարտավոր է վերահսկել իր «գլխավոր ֆեյքին»՝ պատգամավոր Տարոն Չախոյանին։ Հակառակ դեպքում խորհրդարանում նման միջադեպերը կշարունակվեն։ Այս մասին հայտարարել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը՝ մեկնաբանելով Ազգային ժողովում տեղի ունեցած քաշքշուկը։
Նրա խոսքով՝ իր խմբակցության պատգամավորներից ոչ մեկը լուրջ մարմնական վնասվածք չի ստացել։ «Բնականաբար, եղել է քաշքշուկ, և երկու կողմերն էլ որոշակի հարվածներ են ստացել»,- նշել է Գրիգորյանը։
Նա պատահական չի համարում այն հանգամանքը, որ իշխող ուժի ներկայացուցիչներն այդքան բուռն ու ագրեսիվ են արձագանքում հատկապես գործող իշխանության մեջ կոռուպցիայի առկայության վերաբերյալ ընդդիմության հայտարարություններին։
«Նրանք իշխանության են եկել կոռուպցիան արմատախիլ անելու խոստումներով, սակայն իրենք ոտքից գլուխ խրվել են կոռուպցիայի մեջ։ Ուստի նրանց համար սա շատ զգայուն թեմա է»,- հայտարարել է պատգամավորը։
Ընդ որում, նրա գնահատմամբ, այսօրվա միջադեպն ուղղակիորեն կապված է Տարոն Չախոյանի հետ, որին նա անվանել է «իշխանության գլխավոր ֆեյք»։
«Այդ մարդն այդպես էլ չգիտակցեց, որ ֆեյքերի ֆաբրիկայից տեղափոխվել է Ազգային ժողով, և շարունակում է իրեն դրսևորել այնպես, կարծես դեռ ֆեյքեր է ղեկավարում։ Նա շարունակում է կիրառել անընդունելի բառապաշար, շարժուձև և այլն։ Ուստի իշխող ուժի խմբակցության ղեկավարը պետք է պատասխանի՝ պատրա՞ստ են արդյոք վերահսկել իրենց պատգամավորին, թե՞ ոչ։ Եթե նրանք չվերահսկեն նրան, նման իրավիճակները կրկնվելու են»,- ընդգծել է Գրիգորյանը։
«Հայաստան» խմբակցության ղեկավարի դիտարկմամբ՝ խորհրդարանի խոսնակ Ռուբեն Ռուբինյանը փաստացի խրախուսում է նման միջադեպերը։
«Նա իր աշխատանքը սկսեց կառուցողական քննարկումների կոչերով, բայց արդյունքում դարձավ ավելի վատ խոսնակ, քան Ալեն Սիմոնյանն էր»,- հայտարարել է Գրիգորյանը։
Նա կարծում է, որ Ռուբինյանը պետք է ընդմիջեր նիստը և անվտանգության աշխատակիցների հրավիրեր՝ քաշքշուկը դադարեցնելու համար։ Սակայն, պատգամավորի խոսքով, նիստը նախագահողը որևէ քայլ չի ձեռնարկել և ուղիղ տեքստով հայտարարել է, որ ընդմիջում չի տալու. եթե պատգամավորներն ուզում են կռվել, թող կռվեն։
«Այդպիսով՝ նա ուղղակիորեն խրախուսեց տեղի ունեցողը։ Չեմ կարող հստակ պնդել, բայց չեմ բացառում, որ այս ամենը նախապես ծրագրված էր։ Բայց նույնիսկ եթե դա այդպես չէ, նա փաստացի թույլ տվեց, որ դա տեղի ունենա»,- նշել է Գրիգորյանը։
Նա հիշեցրել է, որ խոսնակի պարտականությունների մեջ է մտնում խորհրդարանի բնականոն աշխատանքի ապահովումը, և հայտարարել, որ Ռուբինյանն իր այդ պարտականության մեջ թերացել է։
Անդրադառնալով այն ենթադրություններին, թե կատարվողը կարող է հող նախապատրաստել ընդդիմությանը փոխարինելու համար՝ Գրիգորյանն ընդգծել է. «Նրանք իրավունք չունեն փոխելու ընդդիմությանը։ Ընդդիմությանն ընտրում է ժողովուրդը»։











