Ազգային ժողովի ղեկավարությունը պետք է կանխեր խորհրդարանում իրավիճակի սրումը, ընդմիջում հայտարարեր և հրավիրեր անվտանգության ծառայությանը, սակայն դա չարվեց։ Այս մասին հայտարարեց պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը՝ մեկնաբանելով խորհրդարանում տեղի ունեցած բախումներով միջադեպը։
Նրա խոսքով՝ նման միջադեպերի պատասխանատվությունն առաջին հերթին կրում է իշխանությունը, տվյալ դեպքում՝ Ազգային ժողովի նախագահն ու նրա ենթակաները։ Պատգամավորն ընդգծեց, որ լարվածության առաջացման դեպքում գործողությունների սահմանված կարգ գոյություն ունի, որը չի պահպանվել։
«Ազգային ժողովի նախագահն ընդմիջում չհայտարարեց, նշանակում է՝ նա իր տեղում չէ։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ Ազգային ժողովի նախագահը, ելնելով զբաղեցրած պաշտոնից, ընդմիջում չհայտարարեց։ Եվ երկրորդ հարցը՝ ինչո՞ւ նա անձամբ չհրավիրեց անվտանգության ծառայությանը»,- ասաց Մանուկյանը։
Նա նաև հայտարարեց, որ միջադեպի ընթացքում պետական գույք է վնասվել, և հորդորեց դիտել կատարվածի տեսագրությունները, որոնցում, ըստ նրա, երևում են շպրտված աթոռներն ու սեղանները։ Մանուկյանը պնդում է, որ առաջիններից մեկը, ով շշեր ու աթոռներ էր նետում, ՔՊ վարչության անդամ Վահագն Ալեքսանյանն էր։ Ըստ Մանուկյանի՝ իշխանության ներկայացուցիչների գործողություններն առաջացրել են ընդդիմության պատասխան արձագանքը։
«Վահագն Ալեքսանյանն առաջիններից մեկն էր, ով շշեր էր շպրտում, նրանցից մեկը, ով աթոռներ էր նետում։ Բնականաբար, մեր կողմից ևս նույնպիսի արձագանք եղավ։ Քաղաքացիները տեսան, թե ինչ էր կատարվում Ազգային ժողովում մոտ տասը րոպե շարունակ»,- նշեց պատգամավորը։
Մանուկյանը նաև հայտարարեց, որ կատարվածը պատահականություն չի համարում և իրավիճակն ընկալել է որպես սադրանք։ Նրա խոսքով՝ միջադեպի ժամանակ հրմշտել են ոչ միայն իրեն, այլև այլ ընդդիմադիրների։











