Ազգային ժողովի դահլիճում այսօր՝ հոկտեմբերի 29–ին, ծեծկռտուքից հետո շտապօգնության մեքենա է ժամանել խորհրդարան։ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Անդրանիկ Գևորգյանի քթից արյուն էր հոսում, Ռուբեն Մխիթարյանի հագուստը պատառոտված է։

Հիշեցնենք, որ ԱԺ–ում այսօր ծեծկռտուք է տեղի ունեցել ՔՊ–ի եւ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների միջեւ։ Ի սկզբանե իրավիճակը լարեց ՔՊ–ական Տարոն Չախոյանը, որի ելույթի ժամանակ լեզվակռիվ սկսվեց խորհրդարանում։ Լեզվակռիվը վերածվեց իսկական ծեծկռտուքի։ ԱԺ փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանը աթոռ նետեց ընդդիմադիրների ուղղությամբ։

Ռուբինյանը, որի ուղիղ պարտականությունն էր կարգուկանոն ապահովել ԱԺ դահլիճում, սկզբում մի քանի րոպե լուռ հետեւում էր ծեծկռտուքին, որից հետո միայն ընդմիջում հայտարարեց՝ ներս հրավիրելով անվտանգության աշխատակիցներին։

Պատգամավորները վիճաբանությունը շարունակեցին միջանցքում։ Հնչում էին հայհոյանքներ։