Իշխանություններն ամեն ինչ արեցին իրավիճակը սադրելու համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վաղինակ Վարդանովը։
«Վահագն Ալեքսանյանը, կարծելով, թե ինքը հավանաբար Տարզանն է, աթոռ շպրտեց։ Հայկ Կոնջորյանն իրավիճակը հանդարտեցնելու փոխարեն դարձավ ամենաակտիվ մասնակիցներից մեկը։ Արեցին ամեն ինչ սադրելու համար, և սադրողն էլ, իհարկե, ֆեյքերի ֆաբրիկայի ղեկավար Տարոն Չախոյանն էր»,- միջադեպն այսպես է նկարագրել Վարդանովը։
Նա հավելել է, որ երբ առաջին անգամ մոտեցել ու քաղաքավարի խնդրել է Չախոյանին մի կողմ գնալ, վերջինս իրեն հրել է։ «Ես սադրանքի չտրվեցի։ Նա շարունակում էր իրեն անվայել պահել, և ստացվեց այն, ինչ ստացվեց»,- նշել է պատգամավորը՝ հավելելով, որ ծեծկռտուքի մեկնարկի պահին ինքը նիստերի դահլիճից դուրս է գտնվել։
Նրա խոսքով՝ Անդրանիկ Գևորգյանին հարվածել են գետնին ընկած վիճակում։ Թե հատկապես ինչով են հարվածել, Վարդանովը չի կարող ասել, բայց հազիվ թե դա արված լինի ձեռքերով։ «Ընկած մարդուն հարվածելու փաստը տղամարդկային արարքի մասին չի վկայում»,- ընդգծել է նա։
Պատգամավորը նաև հավելել է, որ Նիկոլ Փաշինյանն էլ, ամեն անգամ խորհրդարանի դահլիճ անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ ներկայանալով, փորձում է սադրել։ Նման պահվածքը հարիր չէ վարչապետին, եզրափակել է Վարդանովը։











