Սեուլում նշել են, որ Փհենյանի կողմից բալիստիկ հրթիռների պարբերական արձակումները խախտում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը և չեն նպաստում իրավիճակի բարելավմանը
Կորեայի Հանրապետության (ԿՀ) նախագահի աշխատակազմն անվտանգության հարցերով արտահերթ խորհրդակցություն է անցկացրել այն բանից հետո, երբ, Սեուլի պնդմամբ, ԿԺԴՀ-ն արձակել է շուրջ 10 բալիստիկ հրթիռ, և Փհենյանին կոչ է արել դադարեցնել նման գործողությունները։
«Ազգային անվտանգության վարչությունը, հաշվի առնելով այն, որ Հյուսիսային Կորեան Վոնսանի շրջանից Ճապոնական ծովի ուղղությամբ արձակել է փոքր հեռահարության շուրջ 10 բալիստիկ հրթիռ, անվտանգության ոլորտում տիրող իրավիճակին նվիրված արտահերթ խորհրդակցություն է անցկացրել», - պնդել են ԿՀ նախագահի աշխատակազմում։
«Վարչությունը ստուգել է իրավիճակին արձագանքելու միջոցառումները, գնահատել է ներկայիս արձակման ազդեցությունը ԿՀ անվտանգության վրա, ինչպես նաև հանձնարարել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել», - ասվում է պետության ղեկավարի գրասենյակի հաղորդագրության մեջ։ Սեուլի պնդմամբ՝ ԿԺԴՀ-ի կողմից բալիստիկ հրթիռների նախորդ արձակումը տեղի է ունեցել հոկտեմբերի 12-ին։
«Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռների պարբերական արձակումները խախտում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը և չեն նպաստում իրավիճակի բարելավմանը։ Խստորեն հորդորում ենք անհապաղ դադարեցնել այդ գործողությունները», - հայտարարել են Կորեայի Հանրապետության իշխանությունները։
Ավելի վաղ Կորեայի Հանրապետության զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեն պնդել էր, որ ԿԺԴՀ-ն տեղական ժամանակով ժամը 12:30-ի սահմաններում Ճապոնական ծովի ուղղությամբ արձակել է փոքր հեռահարության շուրջ 10 բալիստիկ հրթիռ։ Ինչպես նշել են Սեուլում, բալիստիկ հրթիռների այս արձակումը ԿԺԴՀ-ի համար 17-րդն էր 2026 թվականին։





























