«Ես տեսա, թե ինչպես սկսվեց միջադեպը, և եթե որևէ մեկը կարծում է, թե կարող է ձեռք բարձրացնել պատգամավորին հարվածելու կամ մեկ այլ բան անելու համար, ապա մենք կկոտրենք այդ ձեռքը։ Ես ուղիղ եմ ասում»։ Այս մասին հոկտեմբերի 29-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Պետք լինի՝ աթոռով կկոտրենք։ Թող իրենց տեղն իմանան։ Ամեն ինչ չափ ու սահման ունի։ Երբ նրանց դուրսպրծուկն ամբիոնից բարբաջում էր, «Քաղաքացիական պայմանագիրը» կոչ էր անում գնահատական տալ կատարվածին։ Գնահատական չտվեցին՝ թող հիմա կրեն իրենց գործողությունների հետևանքները։ Այսուհետ այսպես է լինելու. որքան իրենց այդպես պահեն, նույնքան էլ նմանատիպ արձագանք են ստանալու»,- նշեց Փաշինյանը։

Պատասխանելով նախորդ գումարման խորհրդարանի նիստերից մեկի ժամանակ տեղի ունեցած միջադեպի մասին հարցին՝ նա հայտարարեց. «Դուք կարծում եք, որ կոռումպացված հանցագործների ինչ-որ խումբ կարող էր խորհրդարանում վարչապետի վրա շիշ նետե՞լ, ու նրանց մռութը չէի՞ն ջարդի։ Ինչպե՞ս եք դա պատկերացնում»։

Հիշեցնենք, որ ԱԺ–ում այսօր ծեծկռտուք է տեղի ունեցել ՔՊ–ի եւ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների միջեւ։ Ի սկզբանե իրավիճակը լարեց ՔՊ–ական Տարոն Չախոյանը, որի ելույթի ժամանակ լեզվակռիվ սկսվեց խորհրդարանում։ Լեզվակռիվը վերածվեց իսկական ծեծկռտուքի։ ԱԺ փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանը աթոռ նետեց ընդդիմադիրների ուղղությամբ։ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Անդրանիկ Գևորգյանի քթից արյուն էր հոսում, Ռուբեն Մխիթարյանի հագուստը պատառոտված է։ Շտապօգնություն է ժամանել խորհրդարան։ Ռուբինյանը, որի ուղիղ պարտականությունն էր կարգուկանոն ապահովել ԱԺ դահլիճում, սկզբում մի քանի րոպե լուռ հետեւում էր ծեծկռտուքին, որից հետո միայն ընդմիջում հայտարարեց՝ ներս հրավիրելով անվտանգության աշխատակիցներին։ Պատգամավորները վիճաբանությունը շարունակեցին միջանցքում։ Հնչում էին հայհոյանքներ։