Ես անվտանգություն հրավիրել եմ դահլիճ և այդպես է դադարել ծեծկռտուքը, ինչ վերաբերում է իմ գնահատականին, ես խստորեն դատապարտում եմ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարի պահվածքը։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 29–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով այսօր ԱԺ դահլիճում տեղի ունեցած ծեծկռտուքին։

«Հիշեցնեմ, որ նա ամբիոնի մոտ ելույթ ունեցող պատգամավորին վիրավորել է, ապա տեղից վեր է կացել, որպեսզի հարվածի նրան։ Խստորեն դատապարտում եմ «Ուժեղ Հայաստա» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դավթյանին, որի առաջին հարվածից է սկսել ծեծկռտուքը։ Ամբողջովին աջակցում եմ ՔՊ–ին, որը արել է այն, ինչ արել է։

Ես ուզում եմ նաև հիշեցնել, որ երբ այս Ազգային Ժողովի առաջին նիստն էր, ես առաջարկել եմ հստակ վարվելակերպ ընդդիմությանը, ես ասել եմ՝ ես առաջարկում եմ մենք գնանք բարեկրթության ճանապարհով, և ես ասել եմ, որ ՔՊ—ն նախընտրում է գնալ այդ ճանապարհով, և եթե ընդդիմությունը ընդունում է այդ օրակարգը շատ լավ։ Բայց ես ասել եմ նաև, որ եթե ընդդիմադիր մեր գործընկերները չընդունեն այդ օրակարգը և շարժվեն այլ ճանապարհով, ՔՊ–ն պատրաստ է փոխադարձել այլ ճանապարհին անհամաչափորեն։ Եվ ես կարծում եմ՝ մենք գործնականում տեսանք, թե դա ինչ է նշանակում։ Սա իմ գնահատականը իրավիճակին»,–ասաց նա։

Անդրադառնալով ընդդիմության պնդմանը, որ այս ամենը նախապես պլանավորած էր, այլապես ԱԺ նախագահն ավելի շւտ անվտանգության աշխատակիցներին դահլիճ կհրավիրեր, Ռուբինյանն ասաց. «Եթե սա նախապես պլանավորված էր, դա նշանակում է, որ դա նախապես պլանավորել ենք ես և Նարեկ Կարապետյանը։ Եթե համարում են, որ ես եմ պլանավորել կամ մենք, դա նշանակում է, որ ես կամ մենք պետք է Նարեկ Կարապետյանին հրահանգած լինեինք, ասած լինեին՝ երբ որ պատգամավորը ելույթ կունենա, ոչ մի վիրավորական բան չի ասի, տեղից ձեռքդ սենց կանեքք, կասեք՝ «արա», հետո կբարձրանաք ձեր տեղից, կգնաք նրա մոտ, որպեսզի հարվածեք նրան։

Կամ, սա նշանակում է, որ մենք դա պլանավորել ենք Գառնիկ Դավթյանի հետ։ Օրինակ ասել ենք՝ պարոն Դավթյան, երբ դահլիճում լարված մթնոլորտ լինի, կգնաք և կհարվածեք Տարոն Չախոյանին, որպեսզի սկսվի ծեծկռտուք։ Հասկանու՞մ եք, ինչ աբսուրդ է հնչում։ Այսինքն մեղադրում են մեզ մի բան կազմակերպելու մեջ, որը սկսել են իրենք։

Եվ հաջորդը, շատ տարօրինակ է, մի կողմից սկսել ծեծկռտուք, մյուս կողմից Ազգային ժողովի նախագահին ասել՝ ինչո՞ւ անվտանգությունը չհրավիրվեց ավելի արագ։ Որքան հնարավոր էր արագ, հրավիրվեց, և ես կարծում եմ, մի բան էլ իրենք պետք է շնորհակալ լինեն ինձ, որ ես կանխել եմ ավելի վատ զարգացումները և պաշտպանել եմ իրենց վերահաս վտանգից։ Ճիշտ է, չեմ կարծում, որ ամբողջովին ինձ մոտ ստացվեց նրանց պաշտպանել, ամեն դեպքում տեսա, որ մի քանի պատգամավոր վնասվել էին, բայց ոչ մի կրիտիկական բան չկա։ Ամենակարևորն այն է, որ Էդգար Ղազարյանը լիովին անվնաս է դուրս եկել այս իրավիճակից»,–ասաց ԱԺ նախագահը։

Ավելի վաղ NEWS.am—ը հայտնել էր, որ այսօր՝ հոկտեմբերի 29–ին, ծեծկռտուք է տեղի ունեցել ՔՊ–ի եւ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների միջեւ։ Ի սկզբանե իրավիճակը լարեց ՔՊ–ական Տարոն Չախոյանը, որի ելույթի ժամանակ լեզվակռիվ սկսվեց խորհրդարանում։ Լեզվակռիվը վերածվեց իսկական ծեծկռտուքի։ ԱԺ փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանը աթոռ նետեց ընդդիմադիրների ուղղությամբ։

«Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Անդրանիկ Գևորգյանի քթից արյուն էր հոսում, Ռուբեն Մխիթարյանի հագուստը պատառոտված է։ Շտապօգնություն է ժամանել խորհրդարան։

Ռուբինյանը, որի ուղիղ պարտականությունն էր կարգուկանոն ապահովել ԱԺ դահլիճում, սկզբում մի քանի րոպե լուռ հետեւում էր ծեծկռտուքին, որից հետո միայն ընդմիջում հայտարարեց՝ ներս հրավիրելով անվտանգության աշխատակիցներին։

Պատգամավորները վիճաբանությունը շարունակեցին միջանցքում։ Հնչում էին հայհոյանքներ։