Եվրամիությունը մտադիր է խորացնել Կանադայի հետ գործընկերային կապերը, սակայն դրանք ավելի քիչ պաշտոնական կարգավիճակ կունենան, քան սեպտեմբերին առաջարկել էր Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Եվրախորհրդարանում իր ամենամյա ելույթի ժամանակ նա հայտարարել էր հյուսիսամերիկյան երկիրը եվրոպական դաշինքի «ասոցացված անդամ» դարձնելու մտադրության մասին՝ անակնկալի բերելով միության անդամ որոշ պետությունների։ Այժմ, սակայն, ԵՄ-ն հրաժարվել է այդ եզրույթից, հաղորդում է Politico-ն։

ԵՄ-Կանադա գագաթնաժողովի համար նախապատրաստվող կոմյունիկեի վերջին տարբերակի համաձայն՝ որոշվել է չզարգացնել «ասոցացված անդամակցության» գաղափարը։ Փաստաթղթին ծանոթացած պարբերականի փոխանցմամբ՝ մի շարք երկրներ, այդ թվում՝ Գերմանիան, Հունաստանն ու Ֆրանսիան, դեմ են արտահայտվել Մոնրեալում հրապարակվելիք համատեղ հայտարարության մեջ նման կարգավիճակի հիշատակմանը։

Այժմ փաստաթղթում խոսվում է «գնալով ավելի սերտ փոխգործակցության» մասին, սակայն Բրյուսելը շարունակում է Օտտավային առաջարկել զգալիորեն ընդլայնել գործընկերությունը։ «Լավ նորությունն այն է, որ կոնկրետ անվանումները կամ եզրույթները նշանակություն չունեն,– հայտարարել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնին։– Կարևորն այն է, թե դա ինչպես կանդրադառնա կանադացիների կյանքի վրա»։

Կոմյունիկեի վերջնական տեքստը դեռ հաստատված չէ, սակայն դրա նախորդ տարբերակում նշվում էր, որ կողմերը «կաշխատեն այն ուղղությամբ, որպեսզի մինչև 2027 թվականի ԵՄ-Կանադա գագաթնաժողովը սահմանվի ասոցացված անդամի հայեցակարգը, որն էլ ավելի սերտ փոխգործակցության միջոցով կարտացոլի ընդհանուր նպատակներին՝ բարգավաճմանը, տնտեսական անվտանգությանն ու ռազմավարական ինքնավարությանը հասնելուն միտված մեր համատեղ ջանքերն ու համագործակցությունը»։