Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) պնդում է, որ Իրանի շուրջ աճող լարվածության պայմաններում անհրաժեշտ է շտապ ավելացնել պաշտպանական բյուջեն 25 մլրդ շեքելով (մոտ 8 մլրդ դոլարով)։ Սակայն հոկտեմբերի 27-ին երկրում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները կասկածի տակ են դնում այս պահանջի արագ հաստատումը։ Այս մասին հայտնում է Ynet պորտալը։

Ynet-ի տվյալներով՝ Իսրայելի պաշտպանական բյուջեն հասել է պատմական առավելագույնի։ Մինչև 2023 թվականին պատերազմի սկսվելը պաշտպանության ծախսերը կազմում էին մոտ 22,4–25,6 մլրդ դոլար։ Իսկ 2026 թվականի պաշտպանական բյուջեն արդեն հասել է 50,5 մլրդ դոլարի․ մարտից ի վեր այն երկու անգամ ավելացվել է՝ ի սկզբանե նախատեսված 35,5 մլրդ դոլարից։ Պորտալի տեղեկություններով՝ ընտրություններից մեկ շաբաթ առաջ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հանդիպել է պաշտպանության նախարար Իսրայել Կացի և ֆինանսների նախարար Բեցալել Սմոտրիչի հետ։ Նրանք քննարկել են հոկտեմբերի 27-ի քվեարկությունից անմիջապես հետո պաշտպանական գերատեսչության կարիքների համար լրացուցիչ 8 մլրդ դոլար հատկացնելու հարցը։

Ynet-ը նշում է, որ ներկայում ՑԱԽԱԼ-ը միաժամանակ գործում է երեք ճակատում՝ պահպանելով անվտանգության գոտիներ Լիբանանում, Սիրիայում և Գազայի հատվածում։ Պորտալի տվյալներով՝ դա շաբաթական արժենում է 650 մլն դոլար։ Բացի այդ, Իսրայելը բարձր պատրաստականություն է պահպանում Իրանի հետ հնարավոր ռազմական բախման համար, ինչը, ըստ պորտալի, պահանջում է սպառազինության շտապ գնումներ։

Ըստ Ynet-ի՝ հիմնական խնդիրը պաշտպանական ծախսերի ավելացման համար Քնեսեթի՝ խորհրդարանի հավանությունն ստանալն է։ Հոկտեմբերի 27-ին կայացած խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը կազմել է 77,7% (ամենաբարձր ցուցանիշը 1999 թվականից ի վեր)։ Քվեաթերթիկների մոտ 94,5%-ի հաշվարկից հետո Նեթանյահուի կուսակցությունն ու նրա կոալիցիոն դաշնակիցները միասին Քնեսեթում ստանում են 53 տեղ։ Գադի Այզենկոտի «Յաշար» կուսակցության գլխավորած ընդդիմադիր միավորումը կարող է հավակնել 48 տեղի, իսկ արաբական կուսակցությունները՝ 19 մանդատի։ Կայուն կոալիցիա ձևավորելու համար անհրաժեշտ է առնվազն 61 մանդատ (Քնեսեթի 120 տեղից)։

Սպասվում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ձայների հաշվարկի արդյունքները կհայտնի հոկտեմբերի 29-ին, իսկ ընտրությունների վերջնական պաշտոնական արդյունքները պետք է հրապարակվեն ոչ ուշ, քան նոյեմբերի 4-ը։ Այդ արդյունքներն ստանալուց հետո նախագահ Իցհակ Հերցոգը խորհրդակցություններ կսկսի Քնեսեթ անցած կուսակցությունների ներկայացուցիչների հետ, ապա պատգամավորներից մեկին կհանձնարարի ձևավորել կառավարական նոր կոալիցիա։

Վարչապետի թեկնածու, որպես կանոն, դառնում է ամենաշատ պատգամավորական մանդատներն ստացած կուսակցության առաջնորդը։ Սակայն նախագահը կարող է նախարարների կաբինետ ձևավորելը հանձնարարել նաև այն քաղաքական գործչին, որի կուսակցությունն ամենաշատ ձայները չի ստացել, բայց ի վիճակի է կոալիցիա ստեղծել։ Վարչապետի պաշտոնի առաջին հավակնորդին կառավարություն ձևավորելու համար կտրամադրվի 28 օր՝ ժամկետը երկու շաբաթով երկարաձգելու հնարավորությամբ։ Անհաջողության դեպքում նախագահն այդ իրավունքը կփոխանցի մեկ այլ պատգամավորի, որին կտրվի երկու շաբաթ՝ առանց երկարաձգման հնարավորության։ Եթե այս դեպքում էլ չձևավորվի առնվազն 61 պատգամավորական մանդատ ունեցող կոալիցիա, ապա 90 օր անց կնշանակվեն արտահերթ ընտրություններ։