Հյուսիսկորեացի զինծառայողներին Ռուսաստանի կողմից պատերազմին մասնակցելու նպատակով ուղարկելը սպառնալիք է ամբողջ Եվրոպայի ազատությանը, հինգշաբթի Հարավային Կորեա կատարած այցի ընթացքում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, հաղորդում է dpa-ն։
Սեուլում Հարավային Կորեայի նախագահ Լի Ջե Մյոնի հետ հանդիպումից հետո ելույթ ունենալով՝ Մերցն ընդգծել է Եվրոպայի և Կորեական թերակղզու անվտանգության փոխկապակցվածությունը։
Ըստ նրա՝ «Ռուսաստանի կողմից Հյուսիսային Կորեային զենքի փոխանցումը՝ Ուկրաինայի դեմ պատերազմում նրա աջակցության դիմաց, ցույց է տալիս, թե որքան սերտորեն է փոխկապակցված երկու տարածաշրջանների անվտանգությունը»։
«Կորեայի անվտանգությունն անդրադառնում է Եվրոպայի անվտանգության վրա։ Եվ Եվրոպայի անվտանգությունը իր հերթին անդրադառնում է Կորեայի անվտանգության վրա։ Աշխարհը փոքր է, նույնիսկ պատերազմի ժամանակ»,- հայտարարել է ԳԴՀ կանցլերը։
Մերցն ու Լին պայմանավորվել են ամրապնդել երկու երկրների ռազմավարական գործընկերությունը, որը նախատեսում է կանոնավոր ռազմական փոխանակումներ, համատեղ զորավարժություններ և հետախուզական տվյալների փոխանակում։ Նրանք միաժամանակ Գերմանիայի և Հարավային Կորեայի պաշտպանական ընկերություններին կոչ են արել ընդլայնել համագործակցությունը։
Ուրբաթ կանցլերը նախատեսում է այցելել Հյուսիսային և Հարավային Կորեաները բաժանող ապառազմականացված գոտի։ Դա կլինի նրա ասիական շրջագայության եզրափակիչ փուլը, որի շրջանակում նա այցելել է նաև Սինգապուր և Ճապոնիա։




























