ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել պետության ղեկավարի և փոխնախագահի պաշտոնների թեկնածուների համար ճանաչողական թեստերի պարտադիր անցկացման օգտին, հայտնում է NBC News-ը։
Նա նման առաջարկ է արել Հարավային Կարոլինայում իր ելույթի ժամանակ՝ կրկին քննադատելով երկրի նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմին։
«Կարծում եմ՝ նախագահի կամ փոխնախագահի պաշտոնի համար առաջադրվող մարդիկ պետք է պարտավոր լինեն ճանաչողական թեստեր անցնել, քանի որ մենք չենք կարող դիմանալ ևս չորս այնպիսի տարիների, ինչպիսիք հենց նոր ունեցանք»,- հայտարարել է Թրամփը՝ նկատի ունենալով Բայդենի նախագահությունը։
ԱՄՆ առաջնորդն այս թեմային է անցել Վերմոնտ նահանգից սենատոր Բեռնի Սանդերսին հիշատակելուց հետո։ Թրամփը կատակով նրան անվանել է մոտ «137 տարեկան» մարդ՝ հավելելով, որ նա դեռևս պահպանում է մտքի սրությունը։
Թրամփը հայտարարել է նաև, որ ինքն անձամբ երեք անգամ ճանաչողական թեստեր է անցել և ամեն անգամ, իր ասելով, հաջողությամբ պատասխանել է բոլոր հարցերին։
«Թող նրանք ճանաչողական թեստեր անցնեն։ Ես միակ նախագահն եմ, որն անցել է երեք այդպիսի թեստ և, ի դեպ, դրանցից յուրաքանչյուրը փայլուն է հանձնել»,- ասել է նա։
Թրամփը բազմիցս առաջարկել է նման ստուգումներ սահմանել պետական բարձրագույն պաշտոնների հավակնորդների համար՝ վկայակոչելով քաղաքական գործիչների ճանաչողական կարողությունների վերաբերյալ մտահոգությունները։ Ավելի վաղ նա պնդել էր, որ փորձել է հասնել նման պահանջի սահմանմանը, սակայն իրեն հայտնել են, որ այդպիսի միջոցը կարող է հակասել ԱՄՆ Սահմանադրությանը։
Միևնույն ժամանակ, ճանաչողական թեստերը, որոնք Թրամփը նկարագրել է իր ելույթներում, նախատեսված են առաջին հերթին ճանաչողական գործառույթների հնարավոր խանգարումները բացահայտելու, այլ ոչ թե ընդհանուր բանականությունը չափելու կամ որոշելու համար, թե որքանով է մարդը համապատասխանում ղեկավար պաշտոնին։




























