ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության հրամանատար, ծովակալ Բրեդ Կուպերից զեկույց է ստացել Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների վերաբերյալ։ Հանդիպումը տեղի է ունեցել հինգշաբթի՝ հոկտեմբերի 29-ին, Սպիտակ տանը՝ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի և Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնի մասնակցությամբ, հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաների և քննարկմանը ծանոթ այլ անձանց։
Պարբերականի տվյալներով՝ հանդիպումը Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմական հրամանատարության ղեկավարի՝ նախագահին անձամբ զեկուցելու ոչ սովորական դեպք էր՝ այն պայմաններում, երբ Վաշինգտոնը դիտարկում է Իրանի դեմ լայնածավալ մարտական գործողությունները վերսկսելու հնարավորությունը։ Քննարկմանը մասնակցել են նաև կառավարության այլ անդամներ, իսկ հանդիպման մի մասը նվիրված է եղել այլ հարցերի։
Խորհրդակցություններն ընթանում են այն հաղորդումների հետնապատկերին, որ ԱՄՆ-ը պատրաստվում է հնարավոր նոր ռազմական արշավի՝ նոյեմբերի 3-ին նշանակված Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո։ The Wall Street Journal-ի տվյալներով՝ Վաշինգտոնը Պարսից ծոցի մի քանի արաբական պետությունների նախազգուշացրել է Իրանի դեմ կարճատև, բայց ինտենսիվ գործողության պատրաստվելու անհրաժեշտության մասին։
Ամերիկյան զինուժն ուժեղացնում է իր ներկայությունը տարածաշրջանում՝ համալրելով զինամթերքի պաշարները, տեղափոխելով հակաօդային պաշտպանության լրացուցիչ միջոցներ և զինծառայողներին դուրս բերելով այն ռազմաբազաներից, որոնք սրման դեպքում կարող են խոցելի լինել։
Associated Press-ի տվյալներով՝ ԱՄՆ դաշնակիցներին միաժամանակ նախազգուշացրել են էներգետիկ օբյեկտների և այլ կենսական նշանակության ենթակառուցվածքների ուղղությամբ Իրանի հնարավոր պատասխան հարվածների մասին։ Միևնույն ժամանակ, հնարավոր գործողության ժամկետներն ու այն իրականացնելու համար զինված ուժերի պատրաստվածությունը մնում են անորոշ։
Միաժամանակ Վաշինգտոնը փորձում է վերսկսել դիվանագիտական շփումները Թեհրանի հետ։ Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը նամակ է ուղարկել Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայիին՝ պարզելու համար՝ արդյոք հնարավո՞ր է վերադառնալ բանակցություններին։ Դիտարկվող տարբերակների թվում է առաջիկայում երկու երկրների ներկայացուցիչների հանդիպումը։
Թրամփը նոր հարվածներ հասցնելու վերաբերյալ դեռ վերջնական որոշում չի ընդունել։ Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահը պահպանում է գործողությունների բոլոր տարբերակները՝ թույլ չտալու համար, որ Իրանը միջուկային զենք ձեռք բերի։
Թեհրանն իր հերթին հայտարարում է, որ շարունակում է դիվանագիտությանը հնարավորություն տալ՝ միաժամանակ նախազգուշացնելով նոր հարձակումներին կոշտ պատասխանելու մասին։




























