Մայիսի 27-ին Սոչիի քաղաքապետ Անատոլի Պախոմովը հանդիպել է Չերեշնյա գյուղի բնակիչների հետ, որտեղ նախօրեին ծեծկռտուք էր տեղի ունեցել հայերի եւ դաղստանցի գաստարբայտերների միջեւ:Ինչպես հաղորդում է «Երկրամասը», քաղաքապետը կոչ է արել հարցերը լուծել օրինական ճանապարհով, ոչ թե  ինքնադատաստանի միջոցով:

Նա բնակիչներին խնդրել է չտրվել սադրանքների եւ ցանկացած միջադեպի մասին տեղեկացնել ոստիկանությանը: «Նման իրավիճակ չպետք է կրկնվի: Կա դաշնային օրենսդրություն, եւ այն պետք է հարգել»,-ասել է Պախոմովը:

Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը, Սոչիի ոստիկանությունը մայիսի 26-ին կանխել էր զանգվածային ծեծկռտուքը տեղի բնակիչների եւ օլիմպիական ավանի շինարարների միջեւ: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ Ադլերի շրջանի Չերեշնյա գյուղում տեղի աղջիկները երեկոյան դուրս են եկել զբոսանքի: Նրանց սկսել են սիրահետել Օլիմպիական ավանի շինարար դաղստանցիները, ովքեր շատ «կպչուն» են եղել: Աղջիկները բողոքել են իրենց եղբայրներին ու ընկերներին: Հայ երիտասարդությունը միմյանց տեղյակ պահելով, իրենց ընկերուհիների պատիվը պաշտպանելու նպատակով, խումբ են կազմել եւ որոշել վրեժ լուծել դաղստանցիներից: Նրանք մեկնել են օլիմպիական ավան:Բանվորներն անմիջապես ոստիկանություն են կանչել: Դեպքի վայր է ժամանել ՕՄՕՆ-ի ջոկատը: 500 ոստիկաններից կազմված ջոկատը ձերբակալել է մոտ  250 մարդու:Սոչիում մայիսի 26-ին կայացել էր հայերի եւ դաղստանցի գաստարբայտերների ծեծկռտուքի մասնակիցներից  55 -ի դատը: Դատել են միայ հայերին, որոնք բոլորը ենթարկվել են 5 –օրյա վարչական կալանքի: