ԱՄՆ ֆոնդային ինդեքսները հինգշաբթի առևտրային օրն ավարտել են անկմամբ. ներդրողները գնահատում էին վիճակագրական տվյալներն ու ընկերությունների հաշվետվությունները։
ԱՄՆ տնտեսությունը 2026 թվականի երրորդ եռամսյակում տարեկան հաշվարկով աճել է 3,4 տոկոսով՝ համաձայն առևտրի նախարարության նախնական տվյալների։ Վերլուծաբանները կանխատեսում էին միջինը 3,2 տոկոս աճ, հաղորդել է Trading Economics-ը։ Այսպիսով, հուլիս-սեպտեմբերին ՀՆԱ աճի տեմպն արագացել է երկրորդ եռամսյակի համեմատ, երբ այն կազմել էր 2,2 տոկոս, իսկ աճը դարձել է ամենաբարձրը վերջին մեկ տարում։
Միաժամանակ, ԱՄՆ բնակչության եկամուտները սեպտեմբերին նախորդ ամսվա համեմատ ավելացել են 0,2 տոկոսով, ծախսերն աճել են 0,5 տոկոսով։ Վերլուծաբանների՝ Trading Economics-ի ներկայացրած կոնսենսուս-կանխատեսումը ենթադրում էր եկամուտների 0,3և ծախսերի 0,6 տոկոս աճ։
Սպառողական գների PCE Core ինդեքսը, որը չի ներառում սննդամթերքի և էներգակիրների արժեքը, անցյալ ամիս ամսական կտրվածքով աճել է 0,3 տոկոսով, իսկ տարեկան կտրվածքով՝ 3,1 տոկոսով՝ օգոստոսին համապատասխանաբար 0,3 և 3 տոկոս աճից հետո։ Դաշնային պահուստային համակարգը գնաճի ռիսկերը գնահատելիս ուշադիր հետևում է PCE Core ինդեքսի դինամիկային։
Alphabet Inc.-ի բաժնետոմսերը կտրուկ էժանացել են 12,6 տոկոսով, ընկերությունը կորցրել է ավելի քան 450 մլրդ դոլարի շուկայական արժեք։ Google-ի հոլդինգային ընկերությունը երրորդ եռամսյակում զուտ շահույթը կրճատել է 25 տոկոսով՝ չնայած հասույթի նույնքան աճին։ Alphabet-ի ազատ դրամական հոսքը (FCF) կազմել է մինուս 9,07 մլրդ դոլար՝ նախորդ եռամսյակի մինուս 5,86 մլրդ դոլարի դիմաց, իսկ երկարաժամկետ պարտքը տարեկան կտրվածքով ավելացել է մոտ 5,8 անգամ՝ հասնելով 125,1 մլրդ դոլարի։ Սա ներդրողների շրջանում մտահոգություններ է առաջացրել արհեստական բանականության ենթակառուցվածքի զարգացման չափազանց մեծ ծախսերի առնչությամբ։
Եռամսյակային թույլ հաշվետվությունների ֆոնին կիբեռանվտանգության ոլորտում գործող Fortinet-ի և ծրագրային ապահովում մշակող ServiceNow-ի շուկայական կապիտալացումը նվազել է ավելի քան 20 տոկոսով։
Caterpillar-ի բաժնետոմսերի գինը նվազել է 9,3 տոկոսով՝ չնայած հուլիս-սեպտեմբերին զուտ շահույթի և հասույթի աճին։ Փորձագետները դա բացատրում են էներգետիկ սարքավորումների հատվածում ընկերության վաճառքների կայունության վերաբերյալ մտահոգություններով. այդ վաճառքների զգալի մասը բաժին է ընկնում տվյալների կենտրոններին։
Marvell Technology-ի շուկայական արժեքը նվազել է 13,2 տոկոսով՝ այն լուրերի ֆոնին, որ ընկերությունը տվյալների կենտրոնների համար օպտիկական լուծումներ մատակարարող Lumentum Holdings-ի ձեռքբերման շուրջ բանակցությունների առաջավոր փուլում է։ Գործարքի մասին կարող է հայտարարվել արդեն հաջորդ շաբաթ, և այն, ամենայն հավանականությամբ, կընդգրկվի տեխնոլոգիաների ու հեռահաղորդակցության ոլորտների տասը խոշորագույն միաձուլումների շարքում։
Microsoft Corp.-ի բաժնետոմսերի գինը նվազել է 0,2 տոկոսով, թեև ամերիկյան ծրագրային ապահովման հսկան առաջին ֆինանսական եռամսյակում զուտ շահույթն ավելացրել է 32 տոկոսով, իսկ հասույթը՝ 19 տոկոսով։ Ընդ որում՝ ճշգրտված շահույթն ու հասույթը գերազանցել են շուկայի սպասումները։
Միաժամանակ, Eli Lilly-ի բաժնետոմսերի գնանշումներն աճել են 6,6 տոկոսով։ Շուկայական կապիտալացմամբ աշխարհի խոշորագույն դեղագործական ընկերությունը երրորդ եռամսյակում ավելացրել է զուտ շահույթն ու հասույթը, ինչպես նաև զգալիորեն բարելավել ընթացիկ տարվա հասույթի կանխատեսումը՝ շնորհիվ դիաբետի և ճարպակալման բուժման համար կիրառվող Mounjaro դեղամիջոցի բարձր վաճառքի։
Աշխարհի խոշորագույն վճարային համակարգերից մեկի օպերատորը՝ ամերիկյան Mastercard Inc.-ը, անցած եռամսյակում զուտ շահույթն ավելացրել է 18 տոկոսով, իսկ հասույթը՝ 14 տոկոսով։ Ընկերության շուկայական կապիտալացումն աճել է 4,2 տոկոսով։
Ford Motor-ի շուկայական կապիտալացումն աճել է 3,2 տոկոսով, թեև ամերիկյան ավտոարտադրողն անցած եռամսյակում հասույթը կրճատել է 2 տոկոսով, իսկ զուտ շահույթը՝ 16 տոկոսով։
FedEx Corp.-ի բաժնետոմսերի գնանշումներն աճել են 1 տոկոսով՝ չնայած այն հանգամանքին, որ աշխարհի խոշորագույն տրանսպորտային և լոգիստիկ ընկերություններից մեկի զուտ շահույթը երրորդ եռամսյակում նվազել է 3,2 անգամ։ Ընկերության եռամսյակային հասույթն աճել է 12 տոկոսով։
Dow Jones Industrial Average ինդեքսը նվազել է 0,25 տոկոսով՝ կազմելով 52 432,56 կետ։
Standard & Poor's 500 ինդեքսի արժեքը նվազել է 0,31 տոկոսով՝ հասնելով 7 720,30 կետի։
Nasdaq Composite-ը կորցրել է 1,38 տոկոս և առևտրային օրն ավարտել 2 6184,72 կետի մակարդակում։




























