ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին։ Այդ մասին NEWS.am–ին հայտնում են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարությունից։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերություններին և բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարներին։

Դավիթ Թադևոսյանն ընդգծել է ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնման մեծ ներուժը՝ հույս հայտնելով, որ առաջիկայում այն կդառնա առավել ընդգրկուն և արդյունավետ։

Դեսպան Խալիլ Շիրղոլամին ներկայացրել է Իրանի տեխնոլոգիական ներուժը՝ մասնավորապես առանձնացնելով նանոտեխնոլոգիաների ոլորտում երկրի ձեռքբերումները և ընդգծելով այդ ուղղությամբ Իրանի առաջատար դիրքերը համաշխարհային մակարդակում։

Դեսպանը պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակում աջակցելու բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայ-իրանական համագործակցության հետագա զարգացմանն ու խորացմանը՝ նպաստելով դրա դրական դինամիկայի պահպանմանն ու շարունակականությանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, թվային լուծումների, կապի և հեռահաղորդակցության, նանոտեխնոլոգիաների ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև այս ուղղություններով համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման հեռանկարները։

Կարևորվել է Հայաստանի և Իրանի տեխնոլոգիական ընկերությունների, ստարտափների և նորարարական կառույցների միջև կապերի ամրապնդումը, փորձի փոխանակումը և համատեղ նախաձեռնությունների զարգացումը։

Կողմերն անդրադարձել են նաև տեխնոլոգիական ոլորտում համագործակցության վերաբերյալ երկու երկրների համապատասխան կառույցների միջև փոխըմբռնման հուշագրի վավերացման կարևորությանը՝ ընդգծելով, որ այն կնպաստի հետագա համագործակցության հիմքերի ամրապնդմանը և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունների ընդլայնմանը։

Հանդիպման ավարտին դեսպան Խալիլ Շիրղոլամին նախարար Դավիթ Թադևոսյանին հրավիրել է այցելել Իրան՝ ծանոթանալու երկրի տեխնոլոգիական ոլորտի ձեռքբերումներին և քննարկելու երկկողմ համագործակցության ընդլայնմանն ուղղված գործնական քայլերը։