Ոչ ոք ինձ հրահանգ չի տվել։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 30–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ–ական պատգամավոր Նարեկ Բաբայանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ երեկվա ծեծկռտուքի հերոսն ինքն է և աջուձախ հարվածներ էր հասցնում, արդյոք իրեն հրահանգել էին այդպես վարվել։
Հարցին՝ ձեզ հատուկ բերել են Ազգային ժողով, որ այդպես ծեծե՞ք մարդկանց, նա պատասխանեց. «Ինձ չեն բերել»։
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաջալերել է իրեն երեկվա պահվածքի համար և խոստացել պարգևավճարն ավելացնել, Նարեկ Բաբայանն ասաց. «Ես պարգևավճար չեմ ստանում, որ ավելացնեն կամ չավելացնեն»։ Այլ հարցերի նա չցանկացավ պատասխանել։
Ավելի վաղ NEWS.am—ը հայտնել էր, որ հոկտեմբերի 29–ին, ծեծկռտուք է տեղի ունեցել ՔՊ–ի եւ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների միջեւ։ Ի սկզբանե իրավիճակը լարեց ՔՊ–ական Տարոն Չախոյանը, որի ելույթի ժամանակ լեզվակռիվ սկսվեց խորհրդարանում։ Լեզվակռիվը վերածվեց իսկական ծեծկռտուքի։ ԱԺ փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանը աթոռ նետեց ընդդիմադիրների ուղղությամբ։
«Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Անդրանիկ Գևորգյանի քթից արյուն էր հոսում, Ռուբեն Մխիթարյանի հագուստը պատառոտված է։ Շտապօգնություն է ժամանել խորհրդարան։
Ռուբինյանը, որի ուղիղ պարտականությունն էր կարգուկանոն ապահովել ԱԺ դահլիճում, սկզբում մի քանի րոպե լուռ հետեւում էր ծեծկռտուքին, որից հետո միայն ընդմիջում հայտարարեց՝ ներս հրավիրելով անվտանգության աշխատակիցներին։
Պատգամավորները վիճաբանությունը շարունակեցին միջանցքում։ Հնչում էին հայհոյանքներ։




























