Հարավկորեացի զինվորականները միտումնավոր սրում են իրավիճակը Հյուսիսային Կորեայի և Կորեայի Հանրապետության սահմանին, ԱՄՆ և Հարավային Կորեայի ռազմական գործունեության ակտիվացումը հանկարծակի զինված բախման սպառնալիք է ստեղծում, նշվել է Հյուսիսային Կորեայի պաշտպանության նախարարության ներկայացուցչի հայտարարության մեջ։
«Մինչ հարավկորեացի ռազմական ավազակները միտումնավոր սրում են իրավիճակը Հյուսիսային Կորեայի և Կորեայի Հանրապետության սահմանին, թշնամական պետությունների ռազմական գործունեության ակտիվացումը հենց մեր շեմին մեծացնում է աղետալի հետևանքներով լի հանկարծակի զինված բախման վտանգը», - նշվել է հայտարարության մեջ, որը մեջբերում է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ)։
Նախարարությունում հայտարարել են, որ տարածաշրջանում անվտանգության ոլորտում իրավիճակի վատթարացման պատճառը ԱՄՆ-ը և Հարավային Կորեան են, որոնք ձգտում են իրենց համար ռազմական գերազանցություն ապահովել՝ ընդլայնելով ռազմական դաշինքների համակարգը և տարբեր պատրվակներով համատեղ զորավարժություններ անցկացնելով։
Գերատեսչության գնահատմամբ՝ Վաշինգտոնի և Սեուլի ռազմական գործունեությունը, որն ավելի ու ավելի է մոտենում իրական մարտական պայմաններին և ուղղված է կանխարգելիչ հարվածներ հասցնելուն, լուրջ սպառնալիք է ստեղծում Հյուսիսային Կորեայի անվտանգության համար և պահանջում է արձագանքման ավելի հզոր միջոցների կիրառում։
«Պետության անվտանգության ոլորտին առնչվող ցանկացած թշնամական գործողություն դառնում է հանրապետության զինված ուժերի ինքնիշխան իրավունքների իրավաչափ իրացման առարկա», - հայտարարել են նախարարությունում։
Գերատեսչությունում նաև ընդգծել են, որ Փհենյանը մտադիր չէ սահմանափակվել Կորեական թերակղզում և տարածաշրջանում զսպման համակարգը պահպանելու և իրավիճակի նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու միջոցների ընտրության հարցում։
Ավելի վաղ հարավկորեացի զինվորականները բազմիցս հայտարարել էին Հյուսիսային Կորեայի զինծառայողների կողմից ռազմական սահմանազատման գիծը հատելու և նման գործողությունները կանխելու համար նախազգուշացնող հաղորդագրություններ հեռարձակելու, կրակոցներ արձակելու մասին։ Փհենյանը հերքել է սահմանը խախտելու մեղադրանքները՝ հայտարարելով, որ իր զինծառայողները սեփական տարածքում սահմանային կառույցների ամրապնդման աշխատանքներ են իրականացնում, իսկ Սեուլի գործողությունները սադրանք են։




























