Մենք գործընկերներ ենք, հենց հիմա էլ իրար հետ հավաքված խոսում ենք, իսկ դուք ուզում եք անպայման բզբզեք, մի բառ էս կողմ, էն կողմ ասվի։ Այս մասին, յսօր՝ հոկտեմբերի 30–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ–ական պատգամավոր Ռոման Համբարձումյանը՝ անդրադառնալով երեկ ԱԺ դահլիճում տեղի ունեցած ծեծկռտուքին։

«Մենք գործընկերներ ենք, հայացքների պատճառով կարող է մեկ-մեկ էլ մի փոքր իրար հետ քաշքշուկ լինի։ Տենց չի, որ դուք պետք է այդպես տրամադրված ուրախանաք, այնպիսի բաներ հարցնեք, որ մեկը մեկի մասին մի բառ ասի, դուք էլ սկսեք...

Մենք միշտ էլ բարիշած ենք, այո, իսկ էտի ամեն օր, ամեն երկրում էլ լինում ա, բայց այս պահին հիմա գործընկերներ ենք, եղել ա, խի՞ եք էլ ուզում բզբզաք։

Աշխատելու ենք, որ էլ չլինի նման բան։ Մենք իրար հետ գործընկերներ ենք, նորմալ շփվում ենք, էտի հայացքների պատճառով պուճուր-պուճուր հավաքվում ա, քաշքշոց ա լինում, հետո նորից հանդարտվում ա։ Հիմա մենք ուզում ենք՝ էլ իրար հետ խնդիր չունենանք ու աշխատենք»,–ասաց նա։

Դիտարկմանը, որ երեկ ինքը հիշատակում էր պատգամավորների օգնականներին՝ սպառնալով վերջիններիս, ՔՊ–ական պատգամավորն ասաց. «Ինձ պետք է, որ եթե մենք գործընկերներով իրար հետ հանկարծ ինչ-որ քաշքշուկի մեջ ընկնենք էլ, օգնականները անպայման չի, գան կողքից մի հատ պատգամավորի բզբզան, հետևից քաշքշեն։

Բայց բոլորս գործընկերներ ենք, հայեր ենք, այնպես չի, որ այս ամեն ինչը լավ է, հեչ էլ ուրախ չենք, ժողովուրդ ջան, թողեք աշխատենք էլի»։

Հիշեցմանը, որ երեկ Նիկոլ Փաշինյանը ողջունում էր ՔՊ–ական պատգամավորների գործողությունները, Ռոման Համբարձումյանն ասաց. «Ողջունում էր նրա համար, որ միշտ պետք չի մեզ հրահրեն, հրահրեն, մենք քանի ամիս է դիմանում ենք, դա ճիշտ չի։ Մենք չենք հրահրում»։

Ավելի վաղ NEWS.am—ը հայտնել էր, որ հոկտեմբերի 29–ին, ծեծկռտուք է տեղի ունեցել ՔՊ–ի եւ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների միջեւ։ Ի սկզբանե իրավիճակը լարեց ՔՊ–ական Տարոն Չախոյանը, որի ելույթի ժամանակ լեզվակռիվ սկսվեց խորհրդարանում։ Լեզվակռիվը վերածվեց իսկական ծեծկռտուքի։ ԱԺ փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանը աթոռ նետեց ընդդիմադիրների ուղղությամբ։

«Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Անդրանիկ Գևորգյանի քթից արյուն էր հոսում, Ռուբեն Մխիթարյանի հագուստը պատառոտված է։ Շտապօգնություն է ժամանել խորհրդարան։

Ռուբինյանը, որի ուղիղ պարտականությունն էր կարգուկանոն ապահովել ԱԺ դահլիճում, սկզբում մի քանի րոպե լուռ հետեւում էր ծեծկռտուքին, որից հետո միայն ընդմիջում հայտարարեց՝ ներս հրավիրելով անվտանգության աշխատակիցներին։

Պատգամավորները վիճաբանությունը շարունակեցին միջանցքում։ Հնչում էին հայհոյանքներ։

Արդեն միջանցքում Ռոման Համբարձումյանը բորբոքված հայտարարել էր. «Մեկիդ օգնականը իրան լավ չպահեց, ոտը ոռից պոկելու եմ։ Մենք իրար հետ՝ հարց չկա»։