Հոկտեմբերի 29-ին Նյու Դելիում կայացել են Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության արտաքին գործերի գերատեսչությունների միջև 12-րդ քաղաքական խորհրդակցությունները՝ ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալ, Արևմտյան ուղղության հարցերով քարտուղար Սիբի Ջորջի գլխավորությամբ: Այդ մասին հայտնում են ԱԳՄԱՆ-ից։

Քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև ավանդական բարեկամության և փոխվստահության վրա հիմնված հարաբերությունների զարգացման ընթացքն ու հեռանկարները՝ կարևորելով երկկողմ փոխգործակցության դրական դինամիկայի պահպանումը, բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շարունակականությունը և երկկողմ օրակարգի ընդլայնմանն ու համագործակցության խորացմանն ուղղված հետագա քայլերը։

Զրուցակիցները վերահաստատել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համագործակցության հետևողական ամրապնդման հանձնառությունը՝ ընգծելով առևտրի, պաշտպանության, բարձր տեխնոլոգիաների, առողջապահության և դեղագործության, հաղորդակցության, կրթության, մշակույթի և զբոսաշրջության բնագավառներում առկա ներուժի արդյունավետ իրացմանն ու նոր նախաձեռնությունների կյանքի կոչմանն ուղղված համատեղ ջանքերի կարևորությունը։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել միջազգային հարթակներում Հայաստանի և Հնդկաստանի միջև փոխշահավետ համագործակցության հետագա զարգացմանը:

Մտքեր են փոխանակել նաև միջազգային և տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Մնացական Սաֆարյանը զրուցակցին է ներկայացրել Հարավային Կովկասում հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացմանն ուղղված ՀՀ ջանքերը, ինչպես նաև փոխկապակցվածության և հաղորդակցությունների ծրագրերի, այդ թվում՝ ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության իրագործման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը: