Մոսկվայում մայիսի 27-ին տեղի է ունեցել միանգամից երկու միջոցառում` «Սպիտակ դեֆիլե», որը մեկնարկել էր Կարմիր հրապարակում եւ ավարտվել «Հին Արբատում», ինչպես նաեւ նույնասեռական ակտիվիստների ակցիան` ուղղված նույնասեռականության քարոզն արգելող օրենքի ընդունման դեմ: Երկուսն էլ ավարտվել են ձերբակալություններով:

Նույնասեռական ակտիվիստները որոշել էին իրենց շքերքն անցկացնել Մոսկվայի քաղաքային դումայի եւ քաղաքապետարանի առջեւ:

Միջոցառման մեկնարկից մեկ ժամ անց Դումայի մոտ ձերբակալվել է մի քանի մարդ:

Դումայի մոտից նույնասեռական ակտիվիստները եւ նրանց հակառակորդները տեղափոխվել են քաղաքապետարանի շենքի դիմաց:

Այստեղ ձերբակալվել է Մոսկվայի նույնասեռականների շքերթների կազմակերպիչ Նիկոլայ Ալեքսեեւը:

Ինչպես տեղեկացրել են «Ինտերֆաքսին» Մոսկվայի ոստիկանության մամուլի ծառայությունում, կիրակի օրը նույնասեռականների կազմակերպած միջոցառման ժամանակ ձերբակալվել է 40 մարդ:

«Սպիտակ դեֆիլեի» մասնակիցները եկել էին Կարմիր հրապարակ` ընդդիմության խորհրդանիշ սպիտակ հագուստով եւ ժապավեններով: Նրանք զբեսնել են Կարմիր եւ Մանեժնի հրապարակներով: Զբոսանքից հետո նրանցից որոշները գնացել են Արբատ, որտեղ շարունակվում են անժամկետ «ժողովրդական զվարճանքները»: Արբատում սկսվել են ձերբակալությունները:

Ոստիկանութան պաշտոնական տվյալներով` Արբատի հատվածում տարբեր իրավախախտումների համար ձերբակալվել է մոտ 35 մարդ: