Իրքյան բանտում հայտնված ռուսաստանցի բայքերների ոդիսականն ավարտվում է: Մայիսի 28-ին ազատ արձակված բայքերները թռել են Թուրքիա, որտեղից կվերադառնան հայրենիք:

Ինչպես արդեն հայտնել էր NEWS.am-ը, ռուսաստանցի չորս բայքերներին ձերբակալել էին մայիսի 20-ին Բաղդադի մոտ:

Մոսկվացիներ Ալեքսանդր Վարդանյանցին, Մաքսիմ Իգնատեւին, տուլացի Օլեգ Մաքսիմովին ու պետերբուրգցի Օլեգ Կապլաեւին տեղափոխել էին բանտ, որտեղ նրանց մեղադրում էին լրտեսության մեջ եւ սպառնում մահապատժով:

«Հաճելի քիչ բան կար, սպառնալիքներ, ծեծ: Բայց ուզում եմ ասել, որ մենք հերոսներ չենք, այլ ապուշներ, որ սեփական հիմարության պատճառով հայտնվել էինք նման իրավիճակում»,- «Իզվեստիա»-ին ասել է Վարդանյանցը:

Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ ճանապարհորդներն իրենք են մեղավոր կատարվածի համար` հիշեցնելով, որ խորհուրդ չի տրվում Իրաք մեկնել: