Որակական տարբերություն կա. արևմուտքից վարկ ենք վերցնում, ԵԱՏՄ-ից աշխատում ենք գումարը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին, Ազգային ժողովում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանին։

Նարեկ Կարապետյանը երկու հարց է ուղղել ԿԲ նախագահին. «Հանրության համար երկու ամենակարևոր հարցերը, որպեսզի երկրի իրավիճակը ճիշտ գնահատեն: Առաջինը, 2027 թվականին ինչքա՞ն պետական պարտք է ներգրավվելու Հայաստանի Հանրապետության կառավարությունը, դոլարով: Եվ երկրորդը, մեր վճարային հաշվեկշռի քանի՞ տոկոսն է այս կամ այն ձևով գալիս ԵԱՏՄ երկրներից»։

Գալստյանը պատասխանել է, որ ինքը վճարային հաշվեկշիռը, ըստ երկրների ուղղվածության, ձեռքի տակ չունի, սակայն օրվա ընթացքում Կարապետյանին կներկայացնի։

ԿԲ նախագահի խոսքով՝ առևտրային հաշվեկշիռն էական պակասուրդ ունի. «Այսինքն, մեր հարաբերությունները մեր արտաքին գործընկերների հետ՝ ապրանքները և ծառայությունները, արտահանումը, ներմուծումը վատթարացել է, որի արդյունքում առևտրային հաշվեկշիռը իջել է, այսինքն՝ դարձել է ավելի խորը մինուս, ժամանակին մենք դա կոմպենսացնում էինք երկու հոդվածով, որոնցից մեկը զուտ տրանսֆերտներն էր, որոնք օրինակ, այն մարդիկ, ովքեր արտագնա աշխատանքի էին գնացել, իրենք էին ուղարկում, այդ էապես չեզոքացել է, քչացել է այդ թիվը, որովհետև հիմա Ռուսաստան շատ չեն գնում աշխատանքի՝ պայմանավորված ինչ-ինչ գործոններով, բայց ընթացիկ հաշվի մինուսը հիմա փակվում է կապիտալի ու ֆինանսական հաշվի պլյուսով, որը այն արտարժույթի ներհոսքն է երկիր, որը հիմնականում գալիս է կառավարության ֆինանսական համակարգի բիզնեսների հետ հարաբերություններով, դա կարող է լինել ուղղակի ներդրումների տեսքով»։

Գալստյանն ընդգծել է, որ հաճախ ֆինանսական հոսքերը, որոնք գալիս են Հայաստանի, ֆորմալ աղբյուրներով գրանցելը շատ դժվար է. «Ու դրա համար մեր սխալներ ու բացթողումներ տողը, որ որ նայեք, մի 700-800 միլիոն դոլար է, որը չափազանց մեծ գումար է»։

Նարեկ Կարապետյանի հարցին, թե օտարերկրյա ուղղակի ներդրումները Հայաստան ինչքան են, Գալստյանն ասել է. «Եթե չեմ սխալվում իրենք մեծ գումար չեն, բայց այդտեղ էլ էլի վիճակագրության հետ կապված ճշգրտումների կարիք է լինելու, որովհետև, օրինակ, Firebird-ը ոչ ռեզիդենտ է այս պահի դրությամբ, բայց իր տնտեսական շահի կենտրոնը Հայաստանն է, այսինքն՝ մեթոդական հարցեր է լինելու։ Այդտեղ ամենակարևոր ցուցանիշը, որին ես կուզեի, որ դուք նայեիք, ի՞նչ է լինում այդ ամենի արդյունքում պահուստների հետ։ Եթե երկրի պահուստները աճում են, դա աներկբա ցուցանիշ է առ այն, որ երկիր եկած արտարժույթային ներհոսքը ավելի մեծ է, քան երկրից գնացած արտարժույթ։

Երկրորդը, ես կուզեի ոչ թե մենակ նայեինք թվերին, այլ նայենք բովանդակային մասին։ Իմպորտը ինչից է բաղկացած, էքսպորտը ինչ տիպի ապրանքներ է, էքսպորտի որ մասն է պղնձի գնի թանկացման արդյունքում կամ ծավալի արդյունքում, իմպորտի որ մասն է սարքավորումներ, եկած փողի այդ ֆինանսական հաշվի մեջ, ինչքան է ուղղակի ներդրում, ինչքան է պորտֆելային ներդրում, պորտֆելային ներդրում անողները ինստիտուցիոնալ ներդրողներ են, թե ինչ-որ պահային էմոցիոնալ ներդրում, այսինքն վճարային հաշվեկշիռը ինքը ուղղակի հաշվետվություն է, որի տնտեսագիտական հիմքն է պետք ավելի լավ նայել, որպեսզի ինչ-որ դատողությունների դուրս գալ»։

Անդրադառնալով Նարեկ Կարապետյանի երկրորդ հարցին, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ասել է, որ 2027 թվականին Հայաստանը 1,1 մլրդ ԱՄՆ դոլարի վարկ է վերցնելու, բայց միևնույն ժամանակ 328 միլիոն մարելու է, զուտը կազմում է 814 միլիոն դոլար:

Պատասխանները լսելուց հետո Նարեկ Կարապետյանն արձագանքել է, որ երկիր եկած և դուրս եկած գումարի մեջ հենց վատթարացումն է մտավախություն ստեղծում. «Անգամ այս պայմաններում է վատթարացել, ինչու ես հարցրեցի ԵԱՏՄ-ից ինչքան է գալիս, որովհետև եկող գումարի մեծ մասն էլ է ԵԱՏՄ-ից։ Եվ եթե մենք վտանգի տակ ենք դնում եկող գումարի, քաղաքական թևը վտանգի տակ է դնում եկող գումարի, եկող տարածաշրջանների հետ հարաբերությունները

Որպեսզի մեր հանրությունը հասկանա որակական տարբերություն կա, ԵԱՏՄ-ից եկած գումարը իրենք բերում են, ներդրում են անում, վարկ չեն տալիս, կամ դեպոզիտ են դնում, կամ ներդրում են անում, կամ ապրանքի դիմաց են վճարում, արևմուտքից կամ այլ երկրներից եկող գումարները, մեծ մասը դա վարկային միջոցների ներգրավում է, այսինքն արևմուտքից վարկ ենք վերցնում, ԵԱՏՄ-ից աշխատում ենք փողը։ Այսինքն, մեր բալանսի առումով ԵԱՏՄ-ն արմատական նշանակություն ունի և մեր խնդրանքն է նաև որպես մասնագիտական, ապաքաղաքական թիմի ղեկավար, դուք ճիշտ ներկայացնեք քաղաքական հանրույթին, նաև ՔՊ-ին ճիշտ ներկայացնեք, թե ինչ է տեղի ունենալու իրենց քաղաքականության արդյունքում»։