2026 թվականին կենսաթոշակները բարձրացնելու հնարավորությունն առաջացել է սպասվածից ավելի բարձր եկամուտների և հարկերի հավաքագրման ցուցանիշների բարելավման շնորհիվ։ Այս մասին նոյեմբերի 2-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հայտարարել է հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ պատասխանելով ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի հարցերին։

Ղազարյանը, մասնավորապես, հիշեցրել է, որ բյուջետային նախորդ քննարկումների ժամանակ Կառավարության ներկայացուցիչները հայտարարել էին կենսաթոշակների բարձրացման ֆինանսական հնարավորությունների բացակայության մասին։

Ի պատասխան՝ նախարարը պարզաբանել է, որ պետբյուջեն կազմվում է տվյալ պահին առկա տնտեսական և հարկային կանխատեսումների հիման վրա։ Նրա խոսքով՝ 2025 թվականի սեպտեմբերին արված գնահատականները թույլ չէին տալիս բարձրացնել կենսաթոշակները, սակայն տարվա փաստացի արդյունքները զգալիորեն ավելի լավն են եղել։

«Երբ 2025 թվականի արդյունքներով մենք ավելի շատ եկամուտներ և ավելի բարձր տնտեսական աճ ունեցանք, պարզ դարձավ, որ 2026 թվականի եկամուտներն առնվազն 45-50 մլրդ դրամով կգերազանցեն պլանավորվածը։ Դա մեզ համար պարզ էր արդեն տարեսկզբին», — նշել է Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ լրացուցիչ եկամուտների հաշվին հաջողվել է ապահովել թոշակների բարձրացման համար անհրաժեշտ միջոցների առնվազն կեսը։ Հետագայում տնտեսական դինամիկան և հարկերի հավաքագրման տեմպերը թույլ են տվել օգտագործել նաև մակրոտնտեսական ռիսկերի պահուստը, որը նախատեսված էր եկամուտների հնարավոր թերակատարումը ծածկելու համար։

Նախարարը նաև հայտնել է, որ 2026 թվականի տնտեսական աճի կանխատեսումը վերանայվել է՝ նախկին 5,4 տոկոսից հասնելով 5,6 տոկոսի։

«Եթե տնտեսության փաստացի աճն ու հարկային մուտքերն ավելի բարձր լինեն կանխատեսվածից, Կառավարությունը կորոշի լրացուցիչ գեներացված միջոցների օգտագործման ուղղությունները», — հավելել է ֆինանսների նախարարը։