Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններում որևէ երրորդ կողմ չկա, իսկ կողմերի մոտ ծագող հարցերը պետք է լուծվեն անմիջապես Երևանի և Բաքվի միջև։ Այս մասին նոյեմբերի 2-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։

«Ինչ վերաբերում է խաղաղության համաձայնագրին, ապա նոր երաշխավորներ չեն լինի։ Այդ երաշխիքները պետք է ապահովենք մենք ինքներս, դրանք պետք է լինեն երկկողմ», — հավելել է նա՝ պատասխանելով խաղաղության համաձայնագրի երաշխավորների թվում ԱՄՆ-ին ընդգրկելու մասին հարցին։ Պատգամավորի խոսքով՝ երաշխիքների ապահովման պատասխանատվությունը պետք է ստանձնեն հենց կողմերը։

Հովհաննիսյանը նաև ներկայացրել է բանակցությունների և փաստաթղթի նախագծերի փոխանակման ընթացքը, որն ի վերջո հանգեցրել է խաղաղության համաձայնագրի նախաստորագրմանը։ Նրա խոսքով՝ կողմերը ներկայացրել են իրենց դիտողություններն ու առաջարկները, որոնց մի մասը հետագայում փոփոխվել, հանվել կամ վերաձևակերպվել է։

«Մենք ներկայացնում էինք մեր դիտողություններն ու առաջարկները, Ադրբեջանը՝ իրենը։ Այդ փոխանակումների ընթացքում եղել են դեպքեր, երբ Ադրբեջանի առաջարկները փոփոխվել կամ հանվել են։ Եղել են նաև իրավիճակներ, երբ Հայաստանի առաջարկները փոփոխվել, հանվել կամ վերաձևակերպվել են։ Մենք հասկանում ենք, որ բանակցությունների ընթացքը հենց դա էլ ենթադրում է», — նշել է պատգամավորը։

Նրա հավաստմամբ՝ այս գործընթացը շարունակվում է նաև հիմա՝ ներառելով երկու երկրների քաղաքական շրջանակներում և հասարակություններում առկա վիճելի հարցերը։

Արթուր Հովհաննիսյանը նաև մեկնաբանել է Ադրբեջանին զիջումներ անելու մասին պնդումները՝ լրագրողներին և ընդդիմության ներկայացուցիչներին կոչ անելով հստակ նշել, թե ինչ զիջումներ է արել Հայաստանը և Բաքվի որ պահանջներն է կատարել Երևանը։

«Ես անընդհատ տարբեր ձևակերպումներով լսում եմ «զիջումներ» բառը։ Ես ուզում եմ, որ լրագրողները, եթե նման հարցեր են տալիս, ինչպես նաև ընդդիմության ներկայացուցիչները հստակ ասեն, թե որոնք են եղել Հայաստանի Հանրապետության զիջումները, Ադրբեջանի որ պահանջներն է Հայաստանը կատարել, որ մենք հիմա մեզ թույլ տանք ասել, թե պետք է ևս մեկ վերջին զիջում անել, և խաղաղության համաձայնագիրը կստորագրվի», — նշել է Հովհաննիսյանը։

Նա վստահություն է հայտնել, որ կողմերը կշարունակեն բանակցությունները և մինչև 2031 թվականը կստորագրեն խաղաղության համաձայնագիրը։