Սոչիի հայերի միությունը մտադիր է հանդիպման հասնել քաղաքապետի հետ եւ միջոցներ ձեռնարկել տեղացի հայերի եւ ժամանած դաղստանցիների միջեւ լարված իրավիճակը կարգավորելու հմար: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Սոչիի հայերի միության նախագահ, ТВЗВ հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Վալերի Թորոսյանը:

Ինչպես ավելի վաղ էր հաղորդվել, լարվածությունը սկիզբ է առել մայիսի 1-ից հետո, երբ Սոչիում զանգվածային ծեծկռտուք էր եղել մոտ 1000 մարդու մասնակցությամբ: Կռվի մասնակիցներից մեկը` թաեքվոնդոիստ Յուրի Գարանյանը մահացել էր: Մայիսի 25-ի, լույս 26-ի գիշերը ոստիկանությունը կանխել էր զանգվածային ծեծկռտուքը տեղի բնակիչների եւ օլիմպիական ավանի շինարարների միջեւ: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ Ադլերի շրջանի Չերեշնյա գյուղում տեղի աղջիկները երեկոյան դուրս էին եկել զբոսանքի:

Նրանց սկսել էին սիրահետել Օլիմպիական ավանի շինարար դաղստանցիները, ովքեր շատ «կպչուն» են եղել: Աղջիկները բողոքել էին իրենց եղբայրներին ու ընկերներին: Հայ երիտասարդությունը միմյանց տեղյակ պահելով, իրենց ընկերուհիների պատիվը պաշտպանելու նպատակով, խումբ էին կազմել եւ որոշել վրեժ լուծել դաղստանցիներից: Նրանք մեկնել էին օլիմպիական ավան:Բանվորներն անմիջապես ոստիկանություն են կանչել:

Դեպքի վայր է ժամանել ՕՄՕՆ-ի ջոկատը: 500 ոստիկաններից կազմված ջոկատը ձերբակալել էր մոտ  250 մարդու:Սոչիում մայիսի 26-ին կայացել էր հայերի եւ դաղստանցի գաստարբայտերների ծեծկռտուքի մասնակիցներից  55 -ի դատը: Դատել են միայն հայերին, որոնք բոլորը ենթարկվել են 5 –օրյա վարչական կալանքի:

«Տուժածների շարքում երկու  իրավապահներ կան: Զոհեր, բարեբախտաբար, չկան»,- արձանագրել է Վալերի Թորոսյանը: Նրա խոսքով, դեռ մայիսի 20-ին ծրագրվում էր Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի այցը, ինչը, սակայն չէր կայացել: « Չկա կազմակերպություն, որ պատշաճ մակարդակով իրավիճակը վերահսկի»,- նկատել է Թորոսյանը: