Աբխազիայի Գալ քաղաքում սրճարաններից մեկում գնդակահարել են երեք այցելուների: Նրանցից երկուսը ոստիկանության աշխատակիցներ են եղել:
Այսօր` մայիսի 28-ին, ժամը 11:40-ին երկու անհայտ անձ վազելով մտել են «Զոլուշկա» սրճարան եւ «Կալաշնիկով» ինքնաձիգերից անկանոն կրակ բացել այցելուների ուղղությամբ: Արդյունքում հրազենային վնասվածքներից տեղում մահացել է ոստիկանության մայոր, Գալիի շրջանի ՆԳ բաժնի ճանապարհապարեկային ծառայության աշխատակից, 59-ամյա Լեոնիդ Կվիցինյան եւ նույն բաժնի քրեական հետախուզության օպեր-լիազոր, 37-ամյա Դեւի Բուավան:
Հարձակման զոհ է դարձել նաեւ Նաբակիա գյուղի բնակիչ, 55-ամյա Գուլտազի Կոլբայան, հաղորդում է «Վեստի կավկազա»-ն` վկայակոչելով Աբխազիայի դատախազությունը:
Հանցագործները դեպքի վայրից կապույտ գույնի «Վոլգայով» դիմել են փախուստի:




























