Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հույս ունի, որ նոր Սահմանադրության տեքստն ընդունելի կլինի նաև ընդդիմության համար։

«Տեքստը բավականին բալանսավորված է»,- այսօր՝ նոյեմբերի 3–ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Գալյանը։

Անդրադառալով ընդդիմության այն հայտարարություններին, որ դա «ալիևյան սահմանադրություն է», նախարարն ասաց. «Իրենք շատ բան են ասում, գլուխը պատին են տալիս, հերիք եղավ, բոլ եղավ։ Մեր ներքին գործն է, մենք այս աշխատանքով զբաղվում ենք արդեն տարիներ, և մենք ուզում ենք ժողովուրդը որոշի։ Ով ինչ է ասում, ինձ բացարձակ չի հետաքրքրում։ Ես իմ աշխատանքի տերն եմ, մենք նախարարության ամբողջ թիմի հետ, իհարկե Սահմանադրական խորհրդի ներգրավվածությամբ մշակել ենք համապատասխան նախագիծ, որը ուզում ենք հանձնել ժողովրդի դատին։ Կկարդաք այդ նախագիծը, կտեսնեք ինչ-որ բաներ համաձայնեք, համաձայն չեք, շատ լավ, գնացեք որոշեք։

Կարող է կարդում եք, տեսնում եք, որ շատ նորմալ, շատ լավ նախագիծ է, որը օրինակ ավելի շատ հնարավորություն է տալիս ընդիմությանը, ավելի շատ լիազորություն է տալիս Ազգային Ժողովին և այդպիսով բալանսավորում է վարչապետի իշխանությունը, որը, օրինակ, դատական իշխանությունը դարձնում է ավելի մասնակցային և հաշվետու Ազգային ժողովի առջև, որը, օրինակ, Գլխավոր դատախազությանը դարձնում է ավելի այնպիսի մարմին, որտեղ կարգապահական խախտումները քննարկվեն հաշվետվողականության սկզբունքի իրացմամբ և այլն։

Հիմա դուք չտեսնելով նախագիծը, ընդդիմությունը չտեսնելով նախագիծը և չծանոթանալով դրա բովանդակությանը, ի սկզբանե քարոզարշավ է անում «ոչ»–ի՝ ասելով, որ սա սրա սահմանադրությունն է, նրա սահմանադրությունն է... Սա մեր սահմանադրությունն է»։

Ինչ վերաբերում է Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրի հղումը հանելուն, Գալյանն ասաց. «Եկեք, երբ տեքստը հրապարակենք, առանձին քննարկում նվիրենք Անկախության հռչակագրին, դրա իրավական նշանակության և սահմանադրության նախաբանի վերաբերյալ։ Ես պատրաստ եմ անվերջ խոսել և բացատրել մեր դիրքորոշումը, բայց երբ բախվում ես ինչ-որ մի ոչ կառուցողական մեկնաբանության և կետի, որտեղ երկու բառ են ասում՝ «սա Ալիևի սահմանադրություն է» և քննարկումները ավարտվում են, ես դրա հետ համաձայն չեմ։

Ինձ մի բան է հետաքրքիր, որ մենք ունենանք խաղաղ, անվտանգ, կայուն, ինքնիշխան, հարատև ու զարգացող պետություն։ Ով ինչ կասի, ով ինչում կմեղադրի, ինձ բացարձակ հետաքրքիր չի և բավական է։ Իմ այս բովանդակությամբ և զայրացած խոսելը նրա մասին է խոսում, որ ժողովուրդ ջան, հերիք է»։