Նորմալ մարդկային պայմաններում են, եթե խոսքը «Երևան կենտրոն» քրեակատարողական հիմնարկի մասին է, ապա այդտեղ որևէ խնդիր չունենք։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 3–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչ պայմաններում են պահվում, օրինակ, Գագիկ Ծառուկյանը, Ռոբերտ Քոչարյանը։
Անդրադառնալով նրան, որ 2027-ին այլևս սնունդ չեն կարողանա փոխանցել ՔԿՀ, իսկ նախարարն էլ հիշատակել էր խորովածի մասին, Գալյանն ասաց. «Նախ, ես խորովածի մասին չեմ խոսել ի սկզբանե, ես դա բերել եմ որպես օրինակ, որ ցցուն լինի, որ նույնատեսակ ապրանքի մուտքը քրեակատարողական հիմնարկ պետք է արգելվի։ Խոսքը մեծ ծավալներով նույնատեսակ ապրանքի մասին է, որը նախկինում ուղարկվել է որպես հյուրասիրություն շատերին։
Հիմա չկա այդպիսի պրակտիկա, բացառվում է։ Նախկինում ենթադրենք, դատապարտյալն ունի հանձնուք ստանալու իրավունք շաբաթական պայմանական 20 կգ քաշով։ Ենթադրենք բերվել է 20 կգ նույնանուն ապրանք։ Դրա խնդիրն այն է, որ անձնական հանձնուքը լինի անձնական, չպետք է բաժանել և չպետք է հյուրասիրել։
Նախ ես չեմ ասել, որ 2027-ից չեն լինելու այլևս հանձնուքները, այլ ասել եմ՝ մենք սննդի որակը պետք է բարելավենք այնպես, որ հանձնուքների կարիք ուղղակի չլինի»։
Անդրադառնալով նրան, որ «Նուբարաշեն» ՔԿՀ–ում հատկապես այն խցերը, որոնք հացադուլ իրականացնողների համար են նախատեսված, շատ անմխիթար պայմաններում են՝ խոնավ պատեր, նկուղայինային հարկ, Գալյանն ասաց. «Հացադուլ անողների համար հատվածը առանձնացված է, որովհետև դա բխում է համապատասխան իրավական պահանջներից, որ իրենց տարածքը պետք է առանձնացվի։ Ինչ վերաբերում է այդ տարածքի պայմաններին, ապա մենք կմտածենք ինչպես կարելի է գոնե ինչ-որ չափով բարենորոգել այն հատվածները, որոնք բարվոք վիճակում չեն գտնվում։
Բայց ես ուզում եմ, որ տպավորություն չստեղծվի մեր հասարակության մոտ, որ վիճակը շատ վատ է և վատ է բոլոր քրեակատարողական հիմնարկներում։ Ոչ, այդպես չէ իրականում, մենք ունենք շատ նորմալ պայմաններ պատժի կրման համար և նաև այդ նորմալ պայմանների վերաբերյալ տեղեկություններն արտացոլված են ՄԻՊ–ի զեկույցում և միջազգային զեկույցներում»։





























