Կալանքը մեր երկրում մահակ է դարձել ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների դեմ։ Այս մասին «Կալանավորված Հայաստան» խորագրով կլոր սեղան-քննարկման ժամանակ հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ, սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը։

Ի՞նչ է կատարվում պետության հետ, երբ իշխանության համար մարդուն կալանավորելն ավելի հեշտ է, քան իրավունքներն ու ազատությունները երաշխավորելն ու պաշտպանելը, հարց է բարձրացրել Մելոյանը։ Նրա խոսքով՝ իրականությունն այն է, որ իրավունքների պաշտպանության պահանջով իշխանության եկած քաղաքական ուժն ի վերջո իրավիճակը հասցրել է նրան, որ մարդիկ ստիպված են պայքարել իրենց ինքնության համար, իսկ այդ գործընթացն ուղեկցվում է հարյուրավոր քաղբանտարկյալների առկայությամբ։

Ինչպես նշել է Մելոյանը, գրեթե բոլոր «քաղաքականների» նկատմամբ կիրառվել է կալանքը։ Ինստիտուցիոնալ առումով տուժում է արդարադատությունը։ Իրավաբանը հիշեցրել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2023 թվականին հայտարարել էր, թե դատավորների 65 տոկոսին ինքն է նշանակել, և դատական համակարգը թարմացվել է, սակայն այս տարի նա կրկին դժգոհել է դատական համակարգից ու բացահայտ սպառնալից ուղերձներ հղել։ Այն դատավորներին, որոնք իրենց շռայլություն են թույլ տալիս հավատարիմ մնալ խղճին, օրենքին ու համոզմունքներին, ամենալուրջ հետևանքներն են սպասվում՝ ընդհուպ մինչև լիազորությունների դադարեցում։ Սակայն կան օրինակներ, երբ հաջողվում է վերականգնել լիազորությունները,- նկատել է Մելոյանը։

Իրավաբանն ընդգծել է, որ երկրում ծաղկում է ընտրովի արդարադատությունը, զանգով կամ WhatsApp-ով, կամ էլ մի խումբ անձանց կողմից իրականացվող արդարադատությունը. օրինակ՝ երբ ընթանում էր Սամվել Կարապետյանի կալանքի հարցով նիստը, վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթը հայտնեց կալանքը 2 ամսով երկարաձգելու մասին։ «Ի՞նչ է սա, եթե ոչ ցուցում դատավորին»,- նշել է Մելոյանը։

Նրա խոսքով՝ այս ամենը հարցականի տակ է դնում երկրում ինստիտուտների կայացումը և միևնույն ժամանակ խնդիրներ է ստեղծում արտերկրյա գործընկերների հետ հարաբերություններում, այդ թվում՝ նման խախտումներ թույլ տվող իշխանությունների հետ համագործակցելու պատճառով հենց իրենց հեղինակության անկման տեսանկյունից։ Միաժամանակ Մելոյանն ընդգծել է, որ հայտնի են կեղծ տվյալներ փոխանցելու դեպքեր, օրինակ՝ Սամվել Կարապետյանի գործով։

Մելոյանն առաջարկել է իրավաբանական հանրույթի հետ քննարկել «քաղաքական բանտարկյալ» հասկացությունը և ընդլայնել առկա սահմանումները։ Որպես իշխանությունների առաջնահերթությունների ցուցիչ՝ նա հիշեցրել է ոստիկանության կարիքների համար հատկացվող բյուջեի կտրուկ աճը՝ պաշտպանական բյուջեի միաժամանակյա կրճատման ֆոնին։

Իր ելույթը Մելոյանն ամփոփել է լատինական ասացվածքով. «Թող արդարադատությունն իրականանա, թեկուզ աշխարհը կործանվի»։