Չեխիայի մայրաքաղաք Պրահայի քաղաքային գրադարանի դահլիճում, մայիսի 26-ին, կազմակերպվել էր մայիսյան հաղթանակներին եւ Հանրապետության տոնին նվիրված ձեռնարկ: Ողջույնի խոսքով հանդես է եկել Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը: Հայ դիվանագետն իր ելույթում անդրադարձել է 1918թ. մայիսին տեղի ունեցած Սարդարապատի եւ Ապարանի հաղթական ճակատամարտերին, Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծմանը եւ դրանց նշանակությանը:

Նա կարեւորել է նաեւ հայ ժողովրդի հերոսական մասնակցությանն երկրորդ աշխարհամարտին: Դեսպան Սեյրանյանը ներկաների ուշադրությունն է հրավիրել հայ զինվորի մերօրյա սխրանքին՝ մեր հոգեւոր եւ մշակութային կենտրոն, հայոց հինավուրց բերդաքաղաք Շուշիի ազատագրմանն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորմանը:

Այնուհետեւ վերջերս Լուսանկարչական արվեստի միջազգային ֆեդերացիայի (FIAP) կողմից Լուսանկարչական արվեստի վարպետի կոչում ստացած «ՖոտոԱրթ» ամսագրի գլխավոր խմբագիր Գարիկ Ավանեսյանը ցուցադրել է ԼՂ-ում եռատոնի ժամանակ նկարահանած լուսանկարները եւ հատվածներ բուլղարացի լրագրող Ցվետանա Պասկալեւայի «Ղարաբաղի վերքերը» ֆիլմից։

Միջոցառման ավարտին ելույթներով հանդես են եկել Պրահայի շաբաթօրյա դպրոցի սաները:

Ձեռնարկը կազմակերպվել էր Չեխիայում ՀՀ դեսպանության, «Օրեր» եւ «ՖոտոԱրթ» ամսագրերի ու շաբաթօրյա դպրոցի համագործակցությամբ: