Սիրիայի արտաքին ընդդիմությունը հույս ունի, որ երկրում խաղաղարար ուժեր կտեղակայվեն: Այդ մասին հայտարարել է անկախ ընդդիմադիր, Սիրիայի Ազգային խորհրդի նախկին անդամ Վալիդ ալ-Բուննին, ով Մոսկվայում բանակցություններ է վարել Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովի հետ:

«Մենք կցանկանայինք, որ Սիրիայում խաղաղարար զինված զորակազմ լիներ, քանի որ Բաշար Ասադը որեւէ կանոն եւ պայմանավորվածություն չի պահում: Ուստի անհրաժեշտ է նրա վրա տարբեր միջոցներով ճնշում բանեցնել, որ դադարեցվեն ընդդիմադիրների սպանությունները»,- ասել է ընդդիմադիր գործիչը:

«ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում Վալիդ ալ-Բուննին հայտարարել է, թե Հուլա գյուղում տեղի ունեցած իրադարձությունների միջազգային հետաքննությունը ցույց է տվել, որ սիրիական ընդդիմությունը մեղսակից չէ դրան:

Միջազգային դիտորդների տվյալներով, Հոմսի մերձակայքում գտնվող Հուլա գյուղի վրա կատարված հարձակման արդյունքում սպանվել էր 108 մարդ: Սիրիական իշխանությունները հերքում են իրենց մեղքը: Հատկանշական է, որ ողբերգությունը տեղի է ունեցել ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանի այցի նախօրեին: