Փաշինյանն ընդդիմությանը հիբրիդային պատերազմ է հայտարարել։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։
Սպառնալիքները, ձերբակալությունները, գույքից զրկելը և այլ գործողությունները նա որակել է որպես դասական հիբրիդային պատերազմի օրինակներ։ Նրա խոսքով՝ մինչ օրս Հայաստանի դեմ նման պատերազմ վարում էր Ադրբեջանը, իսկ այժմ Փաշինյանն ու Ադրբեջանը դա անում են միասին։ Կիվիրյանն ակնհայտ է համարում, որ Փաշինյանը չի տեղավորվում Ադրբեջանի հանդեպ ստանձնած պարտավորությունների կատարման սահմանված ժամկետներում, ուստի ժամանակ է շահում, զբաղեցնում է հանրությանը և ինքնահաստատվում ընդդիմության հաշվին, որը նրան դիմադրություն ցույց չի տալիս։
Նրա խոսքով՝ եթե նախկինում ընդդիմությունն ասում էր, թե պայքարում է Նիկոլ Փաշինյանի դեմ, ապա այժմ պայքարում է նրա Սահմանադրության նախագծի դեմ՝ իջեցնելով նշաձողը։ «Ամենակարևոր հարցն այն է, թե ընդդիմությունը որքանով է մոտեցել Նիկոլ Փաշինյանի իշխանության տապալմանը, ով ժամանակ շահելու համար կարող է ցանկացած բան բեմականացնել։ Ընդդիմությունն ամենևին չի մոտեցել հռչակված այս նպատակին»,- ընդգծել է փորձագետը։
Նրա կարծիքով՝ Փաշինյանը ստեղծել է կիսաավտորիտար, կիսաժողովրդավարական համակարգ, ինչը նրա իշխանությունը դարձնում է խոցելի և, պրոֆեսիոնալ մոտեցման ու իրական նպատակի առկայության դեպքում, լրջորեն հեշտացնում իշխանափոխության խնդիրը։
«Հավանաբար, ընդդիմությունը չունի ո՛չ մեկը, ո՛չ մյուսը։ Նա չի հասկանում հասարակությանը, չի գիտակցում, որ ամենաակտիվ զանգվածը երիտասարդությունն է, որն ատում է Փաշինյանին։ Սակայն երբ ընդդիմությունն առաջ է մղում հին կարգախոսները, իրեն նույնպես չեն ընդունում։ Եթե երիտասարդությունը խաղաղություն էր ուզում, նշանակում է՝ ընդդիմությունը պետք է խաղաղության գաղափարն առաջարկեր պատերազմում պարտված Փաշինյանից ավելի շուտ։ Իշխանություններն ավելի լավ են հասկանում հասարակությանը, ուստի նրանց հաջողվում է մոլորեցնել նրան»,- նշել է վերլուծաբանը։











