Գործարար Բիձինա Իվանիշվիլին ամերիկյան արտադրանք է, ոչ ավելին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Վրաստանի Լեյբորիստական կուսակցության գլխավոր քարտուղար Սոսո Շատբերաշվիլին: Նրա խոսքով, ԱՄՆ-ն ինքն է մշակել եւ տեղադրել Իվանիշվիլիի ֆիգուրը Վրաստանի քաղաքական դաշտում, որպեսզի ուժեղ ընդդիմության տեսլական ստեղծի:
«Վաշինգթոնին ձեռնտու է, որ եւ ընդդիմությունը, եւ իշխանությունն աջակցեն ԱՄՆ-ին: Իվանիշվիլիի գործունեությունը թույլ է տալիս մանիպուլացնել քաղաքական իրավիճակը Վրաստանում եւ խլացնել իրական ընդդիմության ձայնը: Միեւնույն ժամանակ, իրական ընդդիմությունը հանդես է գալիս ՆԱՏՕ-ին անդամակցության դեմ, մինչդեռ Սահակաշվիլին, ինչպես եւ, այսպես կոչված, ընդդիմության 90 տոկոսն այսօր աջակցում են այդ կուրսին: Նրանք բոլորն էլ գործող նախագահի նախկին զինակիցներն են, պետական հեղաշրջման` «Վարդերի հեղափոխության» կազմակերպիչները, նրանք են ստեղծել Սահակաշվիլիին եւ բերել իշխանության: Սակայն հետո, ինչ-որ բան այնպես չգնաց, չկիսեցին պաշտոնները, փողը, ազդեցության ոլորտները եւ ցրվեցին»,- ընդգծել է Շատբերաշվիլին` հավելելով, որ եթե վրացական ընդդիմությունը չմիավորվի, կձախողվի, եւ որեւէ ակցիա նրան չի օգնի:
Վրացի գործչի խոսքով, Վաշինգթոնին հաջողվում է իրականացնել մտահղացումը` վերահսկել քաղաքական երկու ճամբարները:
«Ցանկացած դեպքում, Վաշինգթոնը նպատակամղված ուժեղ ընդդիմության տեսլական է ստեղծում, որը, միեւնույն է, պարտվելու է:
Ընդդիմությունն իրենց մանեւրն է, ֆիկցիա, որն անհրաժեշտ պահին կհանձնի իր դիրքերը: Սահակաշվիլին ձեռ է տալիս Վաշինգթոնին»,- կարծում է նա:
Շատբերաշվիլին նաեւ կարծում է, որ կուրսը դեպի ՆԱՏՕ երկրում բազմամյա լարվածության պատճառ է դարձել:
«Վրաստանում անկախություն չկա: Սահակաշվիլին վերահսկվում է Վաշինգթոնի կողմից, լսում հրամանները: Յուրաքանչյուր նախարարի աշխատասենյակի կողքին նրա ամերիկացի խորհրդականի սենյակն է: Նախարարը գրում է այն, ինչ թելադրում է ամերիկացին»,- նշել է Շատբերաշվիլին:
Խորհրդարանական ընտրությունները Վրաստանում կայանալու են հոկտեմբերին:




























