Ռուսաստանի անկախության օրվա` հունիսի 12-ի համար, Մոսկվայի քաղաքապետարանը միանգամից մի քանի հանրահավաքներ անցկացնելու հայտեր է ստացել: Ամենից մասշտաբայինը խոստանում է լինել «Միլիոնների երթը», որի կազմակերպիչներն ակնկալում են 50 հազար մարդու ներկայություն: «Միլիոնների երթը» կանցնի Բելառուսական կայարանից մինչեւ Տվերի փողոց եւ կավարտվի Բորովիցկայի հրապարակում կայանալիք հանրահավաքով:

«Ձախ ճակատի» համակարգող Սերգեյ Ուդալցովը Business FM-ին տված հարցազրույցում պատմել է, որ հանրահավաքի մասին իրազեկումը հանձնելու համար իրենք ստիպված են եղել ողջ գիշեր հերթապահել Մոսկվայի կառավարության դիմաց, հաշվի առնելով, որ նախկինում նման դեպքերում կրեմլամերձ որոշ ուժեր փորձել են հերթից դուրս իրազեկման հայտեր ներկայացնել, դրանով ձախողելով ընդդիմության հավաքների օրինականությունը:

Այդ օրը Մոսկվայում հանրահավաք անցկացնելու մեկ այլ հայտ է ներկայացրել նաեւ «Ընտրողների լիգան», որի ներկայացուցիչները դեպկտեմբերին մասնակցել էին «Միլիոնների երթին»:

Լրագրող Սերգեյ Պարխոմենկոյի հաղորդմամբ, այս հանրահավաքը նվիրված է լինելու Մոսկվայում հանրաքվե անցկացնելուն, որպեսզի վերընտրվեն մայրաքաղաքի իշխանությունները, այդ թվում քաղաքապետը: