Եվրամիությունը (ԵՄ) Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունների համար ավելի զուսպ ծրագիր է մշակում, որը չի սահմանում միությանն այդ երկրի միանալու հստակ ժամկետներ։ Այս մասին նոյեմբերի 4-ին հայտնել է Politico թերթը՝ հղում անելով ԵՄ փաստաթղթին։
«Եվրոպական հանձնաժողովն ավելի զգուշավոր «ճանապարհային քարտեզ» է պատրաստում ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունների համար», — ասվում է հրապարակման մեջ։
Ըստ պարբերականի՝ փաստաթուղթը նախատեսում է միայն որոշակի ուղենիշներ՝ մինչև 2027 թվականը բանակցություններն առաջ մղելու համար՝ առանց Ուկրաինայի անդամակցության հստակ ժամկետներ կամ պարտավորություններ սահմանելու։
Փաստաթղթում ԵՄ-ն Ուկրաինայի իշխանություններին կոչ է անում զգալիորեն արագացնել օրենքի գերակայության ապահովմանն ուղղված բարեփոխումները։ Առաջարկվող ճանապարհային քարտեզի համաձայն՝ 2027 թվականի առաջին կեսին այս ոլորտի հիմնական պահանջների կատարումն անհրաժեշտ պայման կդառնա մի շարք առանձին ուղղություններով բանակցությունների նախնական ավարտի համար։
Թերթի տվյալներով՝ տարվա առաջին կեսին նախատեսվում է կենտրոնանալ կրթության և մշակույթի հարցերի վրա։ Երկրորդ կիսամյակում բանակցությունները կներառեն մտավոր սեփականության, զբաղվածության և սոցիալական քաղաքականության, արդյունաբերության, գիտության, ինչպես նաև արտաքին քաղաքականության և անվտանգության ոլորտները։
Պարբերականը նշում է, որ Եվրահանձնաժողովը մտադիր է մինչև 2026 թվականի վերջը վերսկսել բանակցությունները երկու ուղղություններով, որոնց շուրջ աշխատանքներն ավելի վաղ կասեցվել էին Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության գործընթացի շրջանակում։ Դրանք վերաբերում են բնապահպանական օրակարգին և կայուն փոխկապակցվածությանը, ինչպես նաև ռեսուրսների, գյուղատնտեսության և համախմբվածության հարցերին։





























