Վրաստանի ընդդիմությունը մեծ մասամբ համախմբվել է միլարդատեր, «Վրացական երազանք» ընդդիմադիր կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի շուրջը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կովկասի հարցերով փորձագետ Մամուկա Արեշիձեն:
Նրա խոսքով` չմիացած ուժերից իրական քաղաքական կշիռ ունեն միայն երկու-երեքը, մասնավորապես Նինո Բուրջանաձեի ղեկավարած «Դեմոկրատական շարժումը» եւ Վրաստանի Լեյբորիստական կուսակցությունը` Սոսո Շատբերաշվիլիի ղեկավարությամբ:
«Ընդդիմությունը համախմբվել է Իվանիշվիլիի շուրջը եւ իրենից իրական ուժ է ներկայացնում: Բուրջանաձեի դեպքում, ով Վրաստանում ռուսամետ քաղաքական գործչի կարգավիճակ ունի, հնարավոր է որոշակի համագործակցություն, սակայն բացառում եմ լեյբորիստների համագործակցությունը»,-նկատեց Արեշիձեն: Նրա խոսքով` մայիսի 27-ին Թբիլիսում բազմահազար ցույցից հետո շատ բան է փոխվել. «Վախի եւ կաշկանդվածության մթնոլորտը ցրվել է, եւ դա շատ կարեւոր է»,- ընդգծեց զրուցակիցը:
Արեշիձեն համաձայնեց այն դիտարկման հեռտ, թե Վրաստանի ընդդիմության եւ իշխանությունների միջեւ գաղափարական տարբերությունը քիչ է: «Սակայն խնդիրն այն է, որ մարդիկ չեն վստահում իշխանություններին»,-նշեց քաղաքագետը:
Պատասխանելով հուզումների եւ իրավիճակի ապակայունացման հնարավորության մասին հարցին, փորձագետը նշեց, որ դա քիչ հավանական է, սակայն իրադարձությունների նման զարգացումը հնարավոր չէ բացառել:
Միաժամանակ Արեշիձեն վստահ է, որ եթե աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ իշխանությունները վարչական լծակներ կիրառեն եւ քվեներ «նկարեն», ապա Վրաստանում զանգվածային հուզումներն անխուսափելի կլինեն:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, Վրաստանում քաղաքական իրավիճակը կտրուկ սրվել է: Ընդդիմադիր «Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին մայիսի 27-ին բողոքի զանգվածային ակցիա էր կազմակերպել, որի մասնակիցների թիվը հասել է 110 հազարի:
Վրաստանում խորհրդարանական ընտրությունները կկայանան հոկտեմբերին:



























