Հինգ զինված կողոպտիչները ֆրանսիական Բեզանսոն քաղաքի ոսկերչական ձեռնարկության արտադրամասից հափշտակել են մինչև 50 կգ ոսկի։ Այս մասին նոյեմբերի 3-ին հայտնել է FranceInfo հեռուստաալիքը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։

«Նոյեմբերի 3-ի առավոտյան Բեզանսոնի Թեմիս թաղամասում գտնվող ոսկերչական ձեռնարկությունում զինված կողոպուտ է տեղի ունեցել։ <...> Արտադրամաս է ներխուժել հինգ մարդ։ Հանցագործները զինված են եղել երկարափող հրազենով, կրել են դիմակներ և զրահաբաճկոններ։ Նրանք դիմել են փախուստի՝ իրենց հետ տանելով 20-ից 50 կգ ոսկի, ինչպես նաև ոսկերչական իրեր»,- ասվում է հրապարակման մեջ։

Հստակեցվում է, որ չարագործները մի քանի կրակոց են արձակել և հարվածել ընկերության աշխատակիցներից մեկին։ Հետապնդումը դժվարացնելու նպատակով հանցագործները ճանապարհին մեխեր են շաղ տվել, ինչի հետևանքով ծակվել են մեկ մոտոցիկլետի և ոստիկանական ավտոմեքենայի անվադողերը։

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ ավելի ուշ հայտնաբերվել է կողոպտիչների այրված ավտոմեքենան։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, իսկ քննությունը հանձնարարվել է կազմակերպված և մասնագիտացված հանցավորության դեմ պայքարի բաժնին։