Նիկոլ Փաշինյանը հանրային ճնշում, առհասարակ որևէ ճնշում գործադրելու իրավունք չունի և դրա մասին մտածելու իրավունք չունի, և եթե մի տեղ կա, որտեղ պետք է ճնշում գործադրել, դա Ազգային ժողովն է, որը պետք է ճնշում գործադրի կառավարության նկատմամբ, մեր սահմանադրությունը այդպես է նախատեսում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 4–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով նրան, որ Սամվել և Նարեկ Կարապետյանների տներում խուզարկությունները համընկան Նիկոլ Փաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ հանրային ճնշում գործադրելու հայտարարությունների հետ։
«Մեր երկրի սահմանադրական կարգով ժողովրդի կողմից ընտրված միակ մարմինը Ազգային ժողովն է, որը ձևավորում է կառավարություն և վերահսկում է այդ կառավարության գործունեությանը, որ այդ կառավարությունը հնարավորինս լավ աշխատի:
Վարչապետը չի կարող մտածել պատգամավորի վրա ճնշում գործադրելու մասին։ Դա նույնն է, որ ենթական մտածի, թե իր ղեկավարին ոնց ճնշի։ Ճիշտ հակառակն է լինում, ղեկավարն է մտածում, թե ենթակայի վրա ինչ ներգործություն ունենա, որ նա իր պարտականությունները նորմալ կատարի, իսկ եթե նորմալ չի կատարում, ապա նրան հեռացնում է այդ պաշտոնից, նրա փոխարեն նշանակում է ավելի կոմպետենտ մարդ։
Նիկոլ Փաշինյանը նաև իր աշխատանքի ընթացքում ոչ նորմալ կրթություն է ստացել, ոչ նորմալ աշխատանքային հարաբերությունների մեջ է եղել, որ իմանա ոնց են գործի ընդունում, ոնց են աշխատում մարդիկ»,–ասաց նա։
Էդգար Ղազարյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանին հաջողվել է ձևավորել ոչ կոմպետենտ մարդկանցից կազմված կառավարություն. «Այսօր խուզարկություն են իրականացնում խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր խմբակցության ղեկավարի տանը: Ընդ որում, դա առաջին խուզարկությունը չի։ Եթե հիշում եք, վերջերս նորից Նարեկ Կարապետյանի տանը էլի խուզարկություն էր, կարող է նախորդ խուզարկությունից բանալի բան են մոռացել, երևի եկել են ման գան գտնեն։
Կամ Սամվել Կարապետյանի տունը վերածվել է իր համար անազատության վայրի, այնտեղ իր ձերբակալության ժամանակ խուզարկություն չեն իրականացրե՞լ, բա էդ ի՞նչ են ման գալիս։ Իրանք գիտեն ումից են վախենում, պատահական չի էդ ամենը»,–ասաց նա։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր վաղ առավոտից Քննչական կոմիտեի քննիչները խուզարկություններ են իրականացնում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի և ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի բնակարաններում։
Այս առնչությամբ ՔԿ–ից NEWS.am—ին հայտնել են. «ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»։
Ավելի ուշ ՔԿ–ն հաղորդագրություն է տարածել, որտեղ նշել է, որ ՀԷՑ-ին պատճառվել է 64,5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել Սամվել Կարապետյանի և 35 անձի նկատմամբ, նրանք ձերբակալվել են։











