Երեւանի քաղաքապետարանը «Փակ շուկայում» շինարարական աշխատանքների թույլտվություն չի տվել: Այդ մասին Facebook-ի էջում գրել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

«Տարբեր լրատվամիջոցներով տարածված տարաբնույթ տեղեկատվության, ինչպես նաեւ իմ ֆեյսբուքյան էջում մայրաքաղաքի Մաշտոցի պողոտայում գտնվող թիվ 1 փակ շուկայում ընթացող աշխատանքների, շուկայի ճակատագրին վերաբերող հարցերի առնչությամբ տեղեկացնում եմ, որ շուկայում շինարարական աշխատանքներ իրականացնելու թույլտվություն Երեւանի քաղաքապետարանը չի տրամադրել: 

Կատարվածն առնչվում է շինարարական կառուցվածքների փլուզմանը, որոնց ամրացման նպատակով տնտեսվարողի կողմից սեփական նախաձեռնությամբ միջոցներ են ձեռնարկվել ամրացման աշխատանքներ իրականացնելու` վթարային իրավիճակներից եւ փլուզումից խուսափելու նպատակով»,- նշել է քաղաքապետն ու հավելել. «Օրվա ընթացքում շուկայի տարածքում աշխատել է Երեւանի քաղաքապետարանի եւ ՀՀ մշակույթի նախարարության ներկայացուցիչների մասնագիտական խումբը, որի ուսումնասիրությունների արդյունքում տրված եզրակացությունից հետո կորոշվեն հետագա քայլերը: Եզրակացության եւ ձեռնարկվելիք քայլերի մասին համապատասխան տեղեկատվություն կտրամադրվի»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Մուլտի գրուպ» կոնցեռնին պատկանող, Մաշտոցի պողոտայում գտնվող «Փակ շուկան» վաճառվել է Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանին: Շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ Սամվել Ալեքսանյանը մտադիր է շուկան դարձնել ամենամեծ Yerevan City-ն։ Այս տարվա հունվարի 4-ից Մաշտոցի պողոտայում գտնվող «Փակ շուկայում» սկսվել են վերանորոգման աշխատանքները:

Դեռեւս այս տարվա հունվարին, Երեւանի քաղաքապետարանի հանձնարարությամբ, Մաշտոցի պողոտայի «Փակ-շուկա»-ի ներսում ընթացող վերանորոգման աշխատանքները դադարեցվել էին: Մշակույթի նախարարության մասնագետները եղել էին այդտեղ եւ զեկուցել, որ ստորգետնյա աշխատանքների հետ կապված որեւէ խնդիր չկա, իսկ վերգետնյայի մասին այս պահի դրությամբ առայժմ խոսք չկա, քանի որ դեռեւս չկա որեւէ նախագիծ:

Իսկ երեկվանից այնտեղ շինաշխատանքներ էին սկսվել եւ քանդվել շուկայի մի քանի կամարներ, ինչը հարուցել էր ակտիվիստների զայրույթը:

Նշենք, որ Փակ շուկան Ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյանի ու ճարտարագետ Համազասպ Առաքելյանի ստեղծագործությունն է։ Այն անցած դարի 50-ականներին ճանաչվել էր որպես Հայաստանի լավագույն ճարտարապետական կառույցներից մեկը: