Կենսաչափական փաստաթղթեր ստանալու համար դիմելն անհնար է, եթե անձը հաշվառված չէ բնակչության պետական ռեգիստրում։ Այս մասին նոյեմբերի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։

Նրա խոսքով՝ նման իրավիճակում կարող է հայտնվել Հայաստանի քաղաքացի հանդիսացող երեխան, որը ծնվել է Հայաստանի սահմաններից դուրս և ծննդյան վկայական ստացել օտարերկրյա պետությունում։ «Քանի դեռ նրա տվյալները չեն գրանցվել բնակչության պետական ռեգիստրում, դիմում ներկայացնելն անհնար է», — պարզաբանել է Դավթյանը։

Նա հավելել է, որ բնակչության պետական ռեգիստրում քաղաքացու սեռի վերաբերյալ ոչ հստակ տեղեկատվությունը նույնպես թույլ չի տալիս դիմել կենսաչափական փաստաթուղթ ստանալու համար։ «Նույնպիսի հիմք է նաև անձի ծննդյան օրվա և ամսվա վերաբերյալ տեղեկատվության բացակայությունը։ Քանի դեռ այդ տվյալները չեն ճշգրտվել բնակչության պետական ռեգիստրում, դիմում ներկայացնելն անհնար է», — ընդգծել է պաշտոնյան։

Դավթյանի գնահատմամբ՝ 1–2 տարվա ընթացքում նման խնդիրներ ունեցող քաղաքացիների մեծ մասի տվյալները կճշգրտվեն։