Հակակոռուպցիոն դատարանն այսօր՝ նոյեմբերի 4-ին, քննում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը։

Այժմ դատարանի բակում Կարապետյանի աջակիցներն ու թիմակիցներն են հավաքվել։ Նրանք պնդում են, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում։

Այսօր մոտ երեք տասնյակ անձանց մեղադրանք է առաջադրվել, իսկ Սամվել Կարապետյանը ձերբակալվել է։ Քննչական կոմիտեն հանրային քրեական հետապնդում է հարուցել 36 անձի նկատմամբ՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին 64.5 մլրդ դրամի վնաս պատճառելու դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում։

Քննչական կոմիտեի տվյալներով՝ ընկերությունից ապօրինի դուրս է բերվել ընդհանուր 23.1 մլրդ դրամ, իսկ ենթադրյալ գործողությունների հետևանքով ՀԷՑ-ին պատճառված ընդհանուր վնասը կազմել է 64 մլրդ 585 մլն դրամ։