ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակնարկել է նոյեմբերի 3-ին Ուշի գյուղի մոտ տեղի ունեցած սարսափելի վթարում ռուսական համարանիշներով բեռնատարի վարորդի մեղքի մասին։ Վթարը խլել է 9 մարդու կյանք։ Նախօրեին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, չհստակեցնելով, թե որ մեքենայի մասին է խոսքը, հայտնել էր, որ վթարի պատճառը ենթադրաբար արգելակներն են եղել, քանի որ ճանապարհին արգելակման հետքեր չկան։

Նոյեմբերի 5-ի ճեպազրույցում, պատասխանելով այն հարցին, թե ինչ է արվում ՃՏՊ-ների թիվը նվազեցնելու համար, Փաշինյանը փիլիսոփայորեն հայտարարել է, որ քանի դեռ մեքենաներ կան, ՃՏՊ-ներ էլ կլինեն. դրանք տեղի են ունենում ամբողջ աշխարհում։ Միաժամանակ նա հիշեցրել է, որ ճանապարհային անվտանգության բարձրացման նպատակով աշխատանքային խումբ է ստեղծվել։

«Մեքենան, որը ենթադրաբար դարձել է ՃՏՊ-ի պատճառ, եկել է այլ երկրից», - հայտնել է Փաշինյանը՝ պատասխանելով տեխզննման մասին դիտարկմանը։ Սթափվելով՝ նա հավելել է, որ նույն տրամաբանությամբ հայկական մեքենաները մեկնում են այլ երկրներ և ՃՏՊ-ների պատճառ դառնում։ «Ես նկատի չունեմ, թե գալիս են ու…», - պարզաբանել է վարչապետը։

Որպես անվտանգության բարձրացման օրինակ՝ նա նշել է ճանապարհային գծանշումների ուղղությամբ տարվող աշխատանքը։ ՃՏՊ-ների թիվը կրճատելը շատ կարևոր է, բայց պետք է հիշել նաև մեքենաների թվի մասին, նկատել է Փաշինյանը։ Միաժամանակ նա ենթադրել է, որ կարելի է բարձրացնել հին մեքենաների շահագործումն արգելելու հարցը։ «Խումբ կա, որը, ի թիվս այլնի, որոշում է ճանապարհների այն «սև գոտիները», որտեղ ավելի շատ ՃՏՊ-ներ են տեղի ունենում, ինչպես նաև նախաձեռնում է ճանապարհային երթևեկության փոփոխություններ։ Եվ, միևնույն է, ամենագլխավորը մարդկային գործոնն է՝ քնել է, թե՞ արգելակներն են խափանվել։ Չի կարելի այնպիսի օրենքներ ընդունել, որ մարդկային գործոնը բացառվի», - համոզված է վարչապետը։