Սլովակիայի նախագահ Պետեր Պելեգրինին հայտարարել է, որ Ուկրաինայի պատերազմը բարոյապես և տնտեսապես հյուծում է Եվրոպան, և Եվրամիությանը կոչ է արել մասնակցել հակամարտության դադարեցման շուրջ բանակցություններին։ Դրա մասին նա ասել է Սլովակիայի Տրենչին քաղաքում Վիշեգրադյան խմբի (V4) երկրների՝ Սլովակիայի, Չեխիայի, Հունգարիայի և Լեհաստանի նախագահների հանդիպումից հետո, հայտնում է Ceske Noviny-ն։

Ըստ Պելեգրինիի՝ 2022 թվականի փետրվարից ռուսական ներխուժմանը դիմակայող Ուկրաինային օգնություն տրամադրելու տարեկան ծախսերը հասնում են տասնյակ միլիարդավոր եվրոյի։ Այդ միջոցները, նշել է նա, անհրաժեշտ են նաև եվրոպական երկրների հիվանդանոցների, դպրոցների և ենթակառուցվածքների ֆինանսավորման համար։ Նրա կարծիքով՝ միջոցների պակասը նպաստում է կյանքի թանկացման պատճառով բնակչության դժգոհության աճին։

«Չի կարելի ամեն տարի մինչև 100 միլիարդ եվրո ծախսել հյուծման պատերազմի վրա և ոչինչ չանել մարտական գործողությունները դադարեցնելու համար»,- հայտարարել է Սլովակիայի նախագահը։

Չեխիայի նախագահ Պետր Պավելն իր հերթին եվրոպական երկրներին կոչ է արել ավելի համաձայնեցված գործել խաղաղության շուրջ բանակցություններում։ Նրա գնահատմամբ՝ համակարգման բացակայությունը թուլացնում է Ռուսաստանի և այլ գործընկերների վստահությունը Եվրոպայի նկատմամբ, ինչպես նաև հանրության շրջանում տպավորություն է ստեղծում, թե եվրոպական առաջնորդներն անգործության են մատնված։

Միաժամանակ, համատեղ հռչակագրում չորս երկրների առաջնորդները վերահաստատել են իրենց աջակցությունը ռուսական ագրեսիային դիմակայող Ուկրաինային և կոչ արել հաստատել արդար ու տևական խաղաղություն։ Նրանք նաև ընդգծել են Կիևին ռազմական և այլ օգնությունը շարունակելու անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով ԵՄ պետությունների շահերը։

Գագաթնաժողովի մեկ այլ թեմա է դարձել Եվրամիության ընդլայնումը։ Նախագահներն աջակցել են նոր անդամների ընդունմանը՝ ընդգծելով, որ թեկնածու երկրները պետք է կատարեն սահմանված բոլոր պահանջները։ Պելեգրինին դեմ է արտահայտվել որևէ մեկին հատուկ արտոնություններ տրամադրելուն, իսկ Պավելը նշել է, որ ընդլայնմանը պետք է պատրաստվի նաև Եվրամիությունն ինքը՝ միասնությունն ու կայունությունը պահպանելու համար։

Հանդիպման մասնակիցներն առանձին ուշադրություն են դարձրել էներգետիկ անվտանգությանը և եվրոպական տնտեսության մրցունակությանը։ Պավելը նախազգուշացրել է, որ ԵՄ որոշ միջոցառումներ կարող են հանգեցնել ռազմավարական հումքի, մասնավորապես՝ պողպատի արտադրության կրճատմանը և մեծացնել Եվրոպայի կախվածությունը ոչ հուսալի գործընկեր երկրներից ներմուծումից։

Նախագահները միաժամանակ կոչ են արել ամրապնդել եվրոպական պետությունների պաշտպանական կարողությունները և էներգակիրների մատչելի ու անվտանգ մատակարարումներ ապահովել։