Հանգստի երկրի ընտրությունը կախված է Աստղակերպի նշանից, կարծում է աստղաբան-էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանը:

Ներկայացնելով կանխատեսումը` նա նշել է, թե Հայաստանը նախընտրում են Խոյերը, Ցուլերը, Աղեղնավորները, Կարիճները, Այծեղջյուրներն ու Ջրհոսները: Այս կամ այն նշանի ներկայացուցիչների համար նախընտրելի երկրների ցանկը պարփակվում է հիմնականում Եվրոպայով եւ Մերձավոր Արեւելքով (Թուրքիա եւ Եգիպտոս), նաեւ Եթովպիա:

«Այդ վայրերի էներգետիկան կօգնի ձեզ առավելագույնս բացահայտելու ձեր լավագույն որակները` կախված ձեր նշանից:

Բնականաբար, դա գուշակություն չէ, այլ կանխատեսում: Գնալով որեւէ երկիր, հաշվի առնելով, թե ինչ են ասում աստղերը, դուք ձեզ ավելի լավ կզգաք»,- հավաստիացրել է նա:

Հարցին, թե աստղերը չե՞ն կանխագուշակում արդյոք` ինչով գնալ Իսպանիա, աստղաբանը պատասխանել է. «Աստղերն անում են իրենց գործը, թող մարդիկ էլ անեն իրենցը»;

Ճանապարհորդական «Ռումեա» ակումբի տնօրեն Ռուբեն Գրիգորյանի խոսքով, նախընտրելի պետք է լինեն Հայաստանն ու Արցախը` «մի խոսքով, Հայաստանը»: «Եթե խոսենք տուրփաթեթների գների մասին, վերջին շրջանում դրանք զգալիորեն էժանացել են` հաշվի առնելով, որ հյուրանոցների կողքին հայտնվել են զբոսաշրջային տներ «Bed and breakfast» կարգի»,- նշել է նա` հաճույքով ընդգծելով երիտասարդների շրջանում ճանապարհորդելու ձգտման վերակենդանացումը: