Հայաստանի եւ Քուվեյթի քաղավիացիայի ղեկավարությունների միջեւ խորհրդակցություններն ուղղված են երկու բարեկամ երկրների միջեւ օդային կապի հաստատմանը: Այս մասին նշել է Հայաստանում Քուվեյթի դեսպան Բասսամ Մուհամեդ Ալ-Քաբանդին, հավելելով, որ դա հիմնաքարային կդառնա Հայաստանի եւ Քուվեյթի միջեւ համատեղ ներդրումների ընդլայնման, ինչպես նաեւ տարբեր բնագավառներում եւ հատկապես տնտեսական ոլորտում երկկողմ հարաբերություններում համագործակցության մակարդակի բարձրացման համար:
Նշենք, որ մայիսի 27-31-ին Հայաստան է ժամանել Քուվեյթի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը ներկայացնող պաշտոնական պատվիրակությունը, որը ՀՀ-ում բանակցություններ կվարի երկու երկրների միջեւ ստորագրված քաղաքացիական ավիացիայի համաձայնագրի կետերի շուրջ:
Քուվեյթի դեսպանը հույս է հայտնել, որ երկկողմ խորհրդակցությունները դրական արդյունք կտան բանակցող երկու կողմերի համար, ինչը անպայմանորեն կանդրադառնա երկու երկրների ընդհանուր շահերի վրա:




























