«Նովայա գազետա» թերթի լրագրող Դիանա Խաչատրյանը հայտնվել է սկանդալի կենտրոնում` «Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարից ոչ ֆորմալ ռեպորտաժի եւ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ լուսանկարվելու պատճառով: Նրան հիմա սպառնում են:
Դիանա Խաչատրյանը «Եդինայա Ռոսիայի» մայիսի 26-ին կայացած համագումարում կամավոր է գրվել, իսկ մայիսի 28-ին հրապարակել է իր տպավորությունները: Դրանից հետո նա սպառնալից հեռախոսազանգ է ստացել: Զանգահարող աղջիկը ներկայացել է որպես «Եդինայա Ռոսիայի» «Երիտասարդ գվարդիայի» շրջանային բաժանմունքի ղեկավար եւ ասել, որ Դիանան վարվել է առնետի պես եւ պահանջել է ջնջել տեքստը: Վերջում էլ հայտարարել է. «Հիմա դու բոլոր տեսակի «սեւ ցուցակներում» ես, ինչպես հատուկ ծառայությունների, այնպես էլ մնացածի մոտ, այդ թվում` մեր»:
Ինչպես նշում է «ԺուրԴոմը», Դիանայի ռեպորտաժում ոչ մի «քրեական» բան չկա. դա սովորական «անդրկուլիսային» տպավորություններ են, իսկ հիմնական հետեւությունը նոր չէ, որ նման միջոցառումների ժամանակ տեղի ունեցող ամեն բան խստորեն կանոնակարգվում է:
Միակ «քրեական» հանցանքն այն է, որ Դիանան ձայն է տվել իր կողքով քայլող Դմիտրի Մեդվեդեւին եւ խնդրել` լուսանկարվել իր հետ, ապա հրապարակել է լուսանկարը: Պարզվում է, որ դա չէր կարելի անել:




























